Վերաքննիչում մեկնարկեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մեկնարկել է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։
Նշենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։