ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույսը միայն Սփյուռքը չպետք է լինի. պետք է օգտագործել բոլոր լծակները ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար, նաև կատարել «տնային աշխատանքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Թագավորության խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը մի շրջանում, երբ քաղաքական թեժ քննարկումներ են կառավարության ու խորհրդարանի միջև, երբ տեղի ունեցավ «Բրեքսիթի» հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծի քվեարկությունը, ու կառավարության ղեկավար Մեյը տապալվեց, մյուս կողմից, սակայն, չանցավ Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը:

Օրերս, խորհրդարանում խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացման մասին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել էր, որ այդ հարցում մեզ կարող է օգնել Սփյուռքը։ Արդյոք միայն Սփյուռքը կարող է նպաստել, որ ԵՄ առանցքային երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ևս արագացնեն վավերացման գործընթացը, մեր զրուցակիցները, չհերքելով Սփյուռքի կարևորությունը, նաև այլ լուծումներ են առաջարկում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը իր հետ զրույցում նշեց՝ հունիսի մեկին պայմանագրի մի մասը մտել է ուժի մեջ, ինչը ենթադրում է՝ մենք պայմանագրի ծանրակշիռ մասը կարող ենք իրականացնել. «Երկրորդ փաստը՝ Մեծ Բրիտանիայի վավերացումը ողջունելի է. այս պահին մենք 18 երկրի վավերացման խնդիր ունենք։ Վավերացումները տեղի են ունենում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից, Սփյուռքը կարող է ազդել այնտեղ, որտեղ ունի ուժ կամ, օրինակ, կապեր ունի ԵԽ պատգամավորների հետ, ովքեր իրենց երկրներում կարող են բանակցել և արագացնել գործընթացը։ Հույսը միայն Սփյուռքի վրա դնել չի կարելի, ունենք այնտեղ դիվանագետներ, ԱԳ նախարարությունը իր մասով պետք է աշխատի, մեր ԱԺ պատգամավորները տարբեր վեհաժողովների անդամներ են, այնտեղ ունեն իրենց կոլեգաները, ուստի, մեր խորհրդարանը ևս պետք է իր բաժինը կատարի»։

Պողոսյանը շարունակում է. «Իհարկե, Սփյուռքում ունենք կազմակերպություններ, որոնք կարող են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ աշխատել և իրենց միջոցով հասնեն լավ արդյունքի, իսկ ո՞վ է ասել, որ պետք չէ բոլոր ուղղություններով աշխատել։ Մշտապես խոսել ենք այն մասին, որ Հայաստանի հաջողությունը միասնականության մեջ է, սա էլ իր հերթին պետք է միասնական գործընթաց դառնա, ու ամեն մեկն իր տեղում աշխատանք պետք է տանի՝ դեսպանները, Սփյուռքի կազմակերպությունները, ԱԺ պատգամավորները, տարբեր անձնական կապերը ևս պետք է օգտագործվեն, ամեն մեկը կարող է նպաստել, որ գործընթացն արագանա, բոլորի դերը կարևոր է։ Չի կարելի հույսը դնել մեկի վրա ու տեղում աշխատանք չիրականացնել»։

Թևան Պողոսյանը մատնանշեց մի կարևոր հանգամանք ևս. «Հայաստանը, հունիսի մեկից ստանալով հնարավորություն համաձայնագրի մոտ 80 տոկոսն իրականացնել, ներգրավվել է գործընթացն իրականացնելու մեջ։ Հիմա, ցանկացած պարագայում մարդկանց մոտ հարցադրում է առաջանում՝ այդ 80 տոկոսից քանի՞սն եք իրականացրել, ինչքանո՞վ եք օգտագործել, քանի՞ տոկոսն եք ներառել ծրագրերի մեջ։ Մենք պետք է երկու գլոբալ բաժանում անենք. գիտակցենք, որ պետք է պայմանագրի ամբողջական վավերացումը որքան հնարավոր է շուտ՝ գիտակցելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բոլոր պատճառաբանությունները, բայց դրա հետ միասին մեկ ուղղություն ևս հարկավոր է՝ մենք ունենք մեծ դաշտ տնային աշխատանք իրականացնելու համար։ Եկե՛ք այնպես անենք, որ կողքից նայողներն ասեն՝ ինչո՞ւ հնարավորություն չընձեռենք։ Եթե այդ 80 տոկոսից 10-ը կյանքի ենք կոչում՝ ես կհամարեի դա իրական գնահատական։ Երևի, որ տոկոսային հաշվեմ, այդքան էլ չի լինի, ինչի՞ մասին ենք խոսում։ Եկե՛ք հասնենք նրան, որ ասեն՝ 65 տոկոս անում են, ինչո՞ւ դիմացները փակենք, մենք էլ վավերացնենք ու խոչընդոտ չստեղծենք։ Մենք պետք է այդ օրինակը ցույց տանք, սակայն մինչ այժմ դա չենք արել»։ Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ միայն Սփյուռքի վրա հենվել չենք կարող։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը,  զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Վավերացման գործընթացի հետ կապված վերջին շրջանում հնչում են մեկնաբանություններ, թե իբրև այն դանդաղել է կամ դրան անբավարար ուշադրություն է դարձվում, բայց դա այնքան էլ հիմնավոր չէ։ Պատճառները տարբեր են՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի շարք երկրներին անհրաժեշտ էր որոշակի ժամանակ՝ հասկանալու Հայաստանի առաջնահերթությունները և թե Հայաստանն արտաքին քաղաքական ինչ օրակարգ ունի, Եվրոպայի հետ համագործակցության ինչ օրակարգ է մշակում, արդյոք հանձնառու են կատարել նախկինների ստանձնած պարտավորությունները»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նոր իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետությանն ուղղված որոշակի փոփոխություններ են իրականացնում. «Մասնավորապես, դեսպանների որոշակի փոփոխությունների ենք ականատես լինում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, ինչը դրականորեն ազդում է եվրոպական երկրներում հայկական օրակարգի առաջմղման գործընթացի վրա»։

Միևնույն ժամանակ, Նարեկ Մինասյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ եվրոպական երկրները ունեն իրենց սեփական օրակարգը. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, որ բավական բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ սկսած դեղին բաճկոնավորների ցույցերից, «Բրեքսիթի» գործընթացը, այսինքն՝ եվրոպական օրակարգը հագեցած է. դրանք գործոններ են, որոնք այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են ունենում վավերացման գործընթացի վրա, բայց ասել, որ այդ գործընթացում դադարի փուլ է, հայկական կողմը տանուլ է տալիս՝ դա չափազանցված է»։

Քաղաքագետը համեմատում է գործընթացը Մոլդովայի և Վրաստանի հետ ու նշում. «Չեմ կարծում, թե կա բացասական դինամիկա, ավելին՝ այն հանգամանքը, որ Հայաստանում ձևավորվեց նոր խորհրդարան, ևս նպաստավոր է։ Պետք է օգտագործվի խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ բարեկամական խմբեր, տարբեր միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանք։ Այդ ամենը պետք է օգտագործվի, որպեսզի ԵՄ անդամ երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն քայլեր իրականացնելու ուղղությամբ»։

Ասել, որ 2019-ին ականատես կլինենք համաձայնագրի ամբողջական վավերացմանը, ըստ Նարեկ Մինասյանի՝ իրատեսական չէ, քանի որ գործընթացը միայն Հայաստանից կախված չէ։ «Ընդհանրապես, հայկական օրակարգն առաջ մղելու, այդ թվում՝ ՀՀ-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար հայկական կողմը պետք է օգտագործի բոլոր ռեսուրսներն ու լծակները, դրա մեջ մտնում են ինչպես խորհրդարանական դիվանագիտությունը, այնպես էլ Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի հայկական կազմակերպությունները, որոնք որոշակի կապեր ունեն տվյալ երկրների քաղաքական էլիտայի, խորհրդարանականների հետ։ Եթե կա որոշակի հնարավորություն ազդելու գործընթացի վրա՝ իհարկե պետք է օգտագործել այդ հնարավորությունը»,- եզրափակեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular