ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձավոր Արևելքի հերթական խմորումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազեն հեռուստատեսությամբ ասել է, որ Փարիզը կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում ԱՄՆ զորքերի դուրսբերման դեպքում: Նման հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի ՊՆ նախարարը:

Ֆրանսիայի ՊՆ նախարար Ֆլորանս Պառլին նույն օրը Թվիթերում գրել է, որ ԻՊ-ը թուլացած է, ինչպես երբեք, կորցրել է տարածքի 90%-ը, բայց խմբավորումը դեռ երկրի երեսից ջնջված չէ, արմատները ոչնչացված չեն: Պետք է վերջնական ռազմական հաղթանակ այդ ահաբեկչական կազմակերպության վերջին օջախների դեմ՚:

Ընդգծեմ, որ ԱՄՆ-ը Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հիմնական գործող ուժն է: Կոալիցիայում, որ ստեղծվել է 2014-ին, Փարիզում, 60 երկրներ են:

Չադում գտնվող` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը «խոր ափսոսանք» է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ: Մաքրոնն ընդգծել է, որ «բոլոր դաշնակիցները պետք է հուսալի լինեն»:

Փաստենք՝ ԱՄՆ նախագահի որոշումը, փաստացի, ավելի շատ պոպուլիստական է` նա հայտարարում է ԱՄՆ զորքերի տունդարձի մասին, մինչդեռ իրականում ԱՄՆ զորքն ու սպառազինությունը վերատեղակայվում է Իրաքում ու այնտեղ ստեղծվում են հարվածային ջոկատներ` անհրաժեշտության պահին Սիրիա մտնելու համար: Ու դա մեծ անակնկալ չէ ոչ Էրդողանի, ոչ Պուտինի համար: Ոչ էլ Ռուհանիի` պարզապես Իրանի վրա հնարավոր հարվածի պլացդարմը Սիրիայից Իրաք է տեղափոխվում: Այս ահրցում Իրաքի կառավարության դիրքորոշումը վստահաբար` ոչ կողմ է, ոչ` դեմ, ուղղակի իրավիճակը պրագմատիզմով է ընդունում:

Մերձավոր Արևելքում ամեն ինչ շարունակվում է` ինչպես առաջ, ու դա ապացուցեցին Էրդողանն ու Նետանյահուն: Թուրքիայի նախագահը Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու մեջ: Էրդողանի խոսքով՝ Իսրայելը պետք է «պատասխան տա չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»:

Ի դեպ՝ ուրբաթ չորս պաղեստինցի էր զոհվել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով Գազայի հատվածի սահմանի երկարությամբ: Հրազենային վնասվածք էր ստացել 40 պաղեստինցի, այդ թվում՝ երկու լրագրող: Նետանյահուն ճիշտ կաներ պատասխանից բացի Էրդողանին հայելի նվիրեր, որ տեսնի` ո՞վ է պատասխանատու «մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»` անցյալում` հայերի, հիմա` քրդերի դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular