ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ Մանվելն ազատության մեջ է կամ Ave Caesar

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց գեներալ Մանվել Գրիգորյանին, ով մեղադրվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նշենք, որ նա կալանավորված էր հունիսից: Կես տարում հետաքննությունը գործը դատարան չհանձնեց, թեպետ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութում ամեն ինչ այնպես էր ներկայացվում, որ գործը բացահայտված է, մնում է մեղավորին դատել:

Միանգամից հարց է առաջանում՝ կես տարի ի՞նչ էր անում հետաքննությունը: Ինչու՞ քրգործն այդպես էլ դատարան չհասավ` այս հարցը այսօր ոչ ոք չի տալիս: Փոխարենը Գրիգորյանի գրավով ազատ արձակման պահից չեն դադարում բողոքի ցույցերը, ու այդտեղ մեղքի իր բաժինն ունի նաև դատարանը, որ չհանրայնացրեց, թե դատավորի որոշման համար ի՞նչն է հիմք դարձել: Կա միայն փաստաբանի տեսակետը` պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։ Որ Մանվել Գրիգորյանը իրոք հիվանդ է, ոչ մեկի համար նորություն չէ, որ բժշկական էպիկրիզը բավարար հիմք է մինչև դատավարությունը կասկածյալին ազատ արձակելու` պիտի դատարանն ասեր:

Փոխարենը շատ արագ գործողության մեջ մտավ դատախազությունը` արդեն հաջորդ օրը հայտարարելով, որ բողոքարկելու է գեներալ Մանվելի կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշումը:

Առանձին քննության նյութ է` ու՞մ դրդումով ու ինչու՞ են փողոց դուրս եկել էջմիածինցիները և որքանո՞վ է իրավաչափ Երևան-Էջմիածին ճանապարհը փակելու քայլը: Ի՞նչ իրավունք ունեն այս կան այն որոշման դեմ բողոքող քաղաքացիները ավտոմայրուղիներ փակել` այս հարցը աստիճանաբար դառնում է խիստ արդիական: Իրավական պետության քաղաքացիները իրավունք ունեն իրենց տեսակետը հայտնել և ազատ խոսքի նրանց իրավունքը ոչ ոք չի վիճարկում, բայց ինչու՞ պիտի քաղաքացիների մի մասի իրավունքը իրացնելը լինի քաղաքացիների մեկ այլ մասի իրավունքների հաշվին:

Նախօրեին բողոքող էջմիածինցիներին ընդունելով` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գերազանցեց բոլոր սպասումները` բառացի հայտարարելով` «Դատարանի որոշումը չի արտահայտում հասարակության կարծիքը»: Եթե ասողը լիներ շարքային քաղաքացի` հասկանալի կլիներ, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան, այն էլ գլխավոր դատախազը հիանալի գիտի, որ արդարադատությունը ու հասարակական կարծիքը միմյանցից կախված չեն ու իրարից չեն բխում:

Հասարակական կարծիքը խմբային անպատասխանատվություն է ի վերջո, առավելևս, որ այդ հայտարարություն անող դատախազը չի նշում հասարակական կարծիքի որևէ ուսումնասիրություն, որով պարզել է, թե հարցվածների ո՞ր տոկոսը ի՞նչ կարծիք ունի: Փաստացի` գլխավոր դատախազը` հակառակ իր բարձր պաշտոնի` տուրք է տալիս պոպուլիզմին ու ասում է այն` ինչ ուզում են լսել դատախազության առաջ բողոքի ցույց անողները, փոխարենը նրանց բացատրի իրավական ընթացակարգերը:

Եթե գործն այդքան հնչեղ էր, կես տարի ինչու՞ դատարան չհասավ: Կամ` ի՞նչ հիմքեր է տեսնում դատախազը, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ մնալով խոչընդոտելու է նախաքննությանը:

Իրականում Մ. Գրիգորյանին ոչ արդարացնելու, ոչ մեղադրելու ցանկություն ու իրավունք չունենալով` չեմ կարող չհարցնել` էլ ի՞նչ հետաքննություն, ի՞նչ դատարան, ի՞նչ դատավոր ու դատախազ, ավելի լա՞վ չէ բոլոր հարցերը լուծել Հանրապետության հրապարակում` բերում եք կասկածյալին, կանգնեցնում եք մշտապես գործող բեմում ու հանդիսատեսին հարցնու՞մ եք` մեղավո՞ր է: Եթե բութ մատը վեր պարզեց, ազատ եք արձակում, ներքև` բանտ եք տանում: Եվ արագ է, և հեշտ: Ի՞նչ ենք ընկել ձևականությունների հետևից, միևնույն է, ամեն ինչ վճռում է «հասարակական կարծիքը»: Դատական համակարգի «օպտիմալացումը»` արդարադատության փոխարինումը «հասարակական կարծիքով»` սպառնալիք է ոչ միայն համակարգին, այլև առաջին հերթին քաղաքացուն, որ ինքնադատաստանը ու դատարանը խառնել է իրար ու իրեն վեր է դասում պետությունից: Թե՞ պետությունը իր դերը դեռ չի գիտակցել` գլուխը խառն է` ինքն էլ է օպտիմալացվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular