ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաղտնաբառը՝ «լաբիրինթոս»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարեվերջյան ասուլիսում, պատասխանելով հարցին` ինչպես է Մոսկվան վերականգնելու Երևանի հետ հարաբերություններն ընտրություններից հետո, Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Հայաստանը ԵՌ ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և վերականգնելու որևէ խնդիր չկա: Նաև հավելել, որ Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ լինելու է Մոսկվայում, ունենալու են հերթական դաշնակցային քննարկումները:

Պուտինին առաջադրված հարցն արդեն իսկ վկայում է, որ Հայաստանում հասարակության որոշակի մասը գտնում է, որ ռուս-հայկական հարաբերություններում որոշակի բարդություններ են հայտնվել: ՌԴ նախագահի պատասխանն էլ բազմիմաստ է: Նորմալ իրավիճակում իմաստ չուներ հիշատակել ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, պատմական կապերը: Ավելին` երբ Պուտինը հիշեցրեց այն, «ինչ արդեն ստեղծել են Հայաստանի նախորդ ղեկավարները», նշանակում է, որ Փաշինյանի հետ մտադիր է շարունակել հին քաղաքականությունը, ոչ թե նոր էջից սկսել: Սա բնութագրական է երկու ղեկավարների առաջիկա հանդիպմանը` արդեն ոչ առաջին առանձնազրույցին:

Պուտինն ու Փաշինյանն առաջին անգամ են հանդիպում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Շուտով Հայաստանը կունենա նոր կառավարություն և կավարտի «հեղափոխական կարգախոսների» շրջանը: Պետք է ստեղծել արդյունավետ կառավարման մեխանիզմ նոր քաղաքական լանդշաֆտի պայմաններում, երբ պետք է կարևոր որոշումներ ընդունել, ոչ թե միայն քարեր նետել նախորդների բանջարանոցը:

Հետագայում ռուս-հայկական օրակարգի ձևավորման վրա ազդելու են բազում գործոններ, որոնցից կարևորագույնը Հայաստանում ներքաղաքական կայունության պահպանումն է այն համապատկերում, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի քվեարկության արդյունքները վկայում են` Փաշինյանին համընդհանուր աջակցության մասին խոսք չկա: Ընտրություններում պարտված ուժերը կարող են արագ ուշքի գալ ու հակախաղ սկսել: Ստացվում է այնպես, որ որքան բարդ են կառավարության լուծելիք խնդիրները, այնքան բարդ է լինելու խուսափել քննադատական հակափաստարկներից: Հայաստանը փոքր երկիր է, հիմքեր չկան ասելու, որ կարողացել է տնտեսության ազատականացման նախադրյալներ ստեղծել, փաստացի տեղում է մնացել հին օլիգարխիկ համակարգը: Այդ պատճառով ազգային տնտեսության խորքային նորացման Փաշինյանի հայտարարած քաղաքականությունը այս կամ այն կերպ անդրադառնալու է արտաքին քաղաքականության վրա: Ենթադրվում է կոռուպցիայի ու ոչ թափանցիկ օրենքների դեմ պայքար, ձեռներեցության ու ազատ մրցակցության զարգացման առավել բարենպաստ պայմանների ստեղծում: Դա կարող է պահանջել ԵՄ-ի նորմերի ներմուծում, որ նշված են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրում:

Հետագա քայլերն այդ ուղղությամբ հանգեցնելու են նախկին տնտեսական համակարգի, հեռանկարում` նաև քաղաքական համակարգի կազմաքանդմանը:

Այդ խնդրի լուծման համար Փաշինյանին պետք են շատ նշանակալից ֆինանսական միջոցներ, որ կարող են տրամադրվել ՀՀ «ժողովրդավարական բարեփոխումներին» ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցության շրջանակներում: Բայց հազիվ թե Արևմուտքը ռեալ աջակցություն ցուցաբերի Երևանի զուտ «ժողովրդավարական փորձին» առանց Անդրկովկասում հայկական քաղաքականության գլոբալ վերանայման: Հայաստանը ներդրումների համար ամենագրավիչ երկիրը չէ: Նախևառաջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով` Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայություն, Ադրբեջանի հետ փաստական պատերազմական վիճակ Արցախի կոնֆլիկտի պատճառով: Բարեփոխումների ֆինանսավորման հնարավոր աղբյուր, ավելի շուտ, մնում է Մոսկվան:

ՌԴ-ն կարող է աջակցել Հայաստանին իբրև ռազմավարական դաշնակցի, որ հայտնվել է ծայրահեղ բարդ իրավիճակում: Այդ առումով մինչև այժմ Փաշինյանի բարձրաձայնած արտաքին քաղաքական հայտարարությունները` բոլորի հետ իրավահավասար ու հավասարարժեք երկխոսություն ստեղծելու մասին` շեշտադրելով «հայաստանակենտրոնությունը», հիմա ընկալվում է ընդամենը իբրև արտաքին կենտրոնների միջև մանևրելու փորձ` տարբեր վեկտորների միջև փոխզիջման նվազագույն շանսերով: Մոսկվայից առանձնանալը խարխլում է Երևանի կշիռը տարածաշրջանային հարցերում, իսկ մերձեցումը ստեղծում է ընտրության իրավիճակ: Բազում հարցեր հանգուցվում են ԼՂ կոնֆլիկտին, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը միասնական դիրքորոշում ունեն: Մինչդեռ Պուտինը միակն է Մինսկի խմբի համանախագահներից, որ հանձն է առել միջնորդական առաքելություն` Փաշինյանի ու Ալիևի երկխոսության հաստատման համար: Դրանով ցույց տալով, որ Ստեփանակերտի խնդիրներն իր համար երկրորդական չեն, իսկ Փաշինյանը պետք է գործի այդ ուղղությամբ չափազանց հավասարակշիռ ու զգույշ: Ուստի նրանց առաջիկա հանդիպումը խոստանում է լինել հագեցած ու հետաքրքիր:

Մոսկվան խոսելու է արտաքին քաղաքականության ժառանգորդության պահպանության անհրաժեշտության մասին` Երևանին մղելով, իր իսկ շահերից ելնելով, երկու երկրների հարաբերություններում այն ներուժի իրագործմանը, որ նախկինում տարբեր պատճառներով սահմանափակված էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular