ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուրովի հետկանչն ու Հայաստանի իրական անելիքը ՀԱՊԿ–ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները այդ պաշտոնում: Խաչատուրովի ներգրավվածությունը Մարտի 1–ի քրեական գործով ենթադրում էր նրա հետկանչումն այդ պաշտոնից, ու չնայած դիվանագիտական մակարդակում առկա որոշակի խոչընդոտներին, ինչպես նաև հայ–ռուսական հարաբերություններում այդ թեմայով նկատվող որոշակի լարվածության, Խաչատուրովի հետկանչն այլևս կայացած փաստ է: Այժմ արդեն քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության ու դրա նոր ղեկավարի հարցը, որը դարձել է հերթական ներքաղաքական ու նաև արտաքին քաղաքական քննարկումների տեղիք:

Ռուսական ԶԼՄ–ներում արդեն հայտնվեցին ոչ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ասել է թե՝ Բելառուսն է ստանձնելու ՀԱՊԿ քարտուղարության մանդատը: Հայկական մամուլում էլ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է Հայաստանն այլ թեկնածու առաջադրի այդ պաշտոնում, մասնավորապես Վաղարշակ Հարությունյանին: Թե ինչպիսի ավարտ կունենա ՀԱՊԿ նոր քարտուղարության ու գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, մենք դեռ կտեսնենք մոտ օրերս: Հեշտ ընտրություն, ըստ ամենայնի, չի սպասվում, հաշվի առնելով թե՛ քաղաքական որոշակի իրողություններ, թե՛ դիվանագիտական որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, առավել հետաքրքրական է, որ օբյեկտիվորեն առկա խնդիրներին զուգահեռ այս թեման ունի նաև մի շարք սուբյեկտիվ, տեղ–տեղ չափազանցված մեկնաբանություններ:

Խաչատուրովի հետկանչի գործընթացը նոր իշխանությունների կողմից միանգամից դարձավ վերջիններիս քաղաքական մրցակիցների, մասնավորապես հանրապետականների քննադատության թիրախը: Ըստ էության, զրկված լինելով շատ այլ հարցերում Փաշինյանին քննադատելու հնարավորություններից՝ հանրապետականները մեծամասամբ իրենց քննադատությունը կառուցում են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս իմաստով Խաչատուրովի հետկանչը բացառություն չէր, ու հանրապետականները փորձեցին տեղի ունեցողը ներկայացնել որպես արտաքին քաղաքական լուրջ ձախողում ու հայ–ռուսական հարաբերություններում կանխամտածված լարվածություն ստեղծելու փորձ:

Խաչատուրովի շուրջ քրեական գործի շուտափույթ ընթացքն ու այդ գործի հետևանք հանդիսացող հետկանչի կազմակերպչական հարցերում որոշակի անփորձության դրսևորումներն, իհարկե, անհնար է չնկատել: Ավելին՝ ակնհայտ է, որ նոր իշխանությունները հաճախ ներքաղաքական իրողությունները գերադասում են արտաքին քաղաքական հնարավոր ռիսկերից՝ հաճախ չնկատելով, հաճախ էլ չհաշվարկելով այդ ռիսկերի հավանականությունը: Այս և ոչ միայն այս առիթով նոր իշխանությունները՝ պայմանավորված թե՛ անփորձությամբ, թե՛ կոնկրետ պաշտոններում կոմպետենտ կադրերի բացակայությամբ, իհարկե, արժանի են քննադատության: 

Սակայն այսքանով հանդերձ ակնհայտ է, որ արդարացի քննադատությունները վերածվում են բացառապես քարոզչական հնարքների ու տեխնոլոգիաների՝ չափազանցնելով իրողությունները: 

Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը Հայաստանի համար էական դեր խաղալ չէր կարող: Սիմվոլիկ դեր գուցե կարող էր: Բայց իրականության մեջ, անկախ նրանից՝ Խաչատուրովը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչը, թե մեկ այլ ոք, այդ կառույցի քաղաքականության թելադրողը ռուսական կողմն է: Իհարկե, գուցե զուտ արտաքին ընկալումների մակարդակով կարող  է մեծ ձեռքբերում թվալ, որ ՀԱՊԿ քարտուղարության մանդատը Հայաստանն էր իրացնում, բայց խորքային իմաստով դա որևէ բան չէր փոխում Հայաստանի համար ՀԱՊԿ հետ հարաբերություններում, ինչպես որ որևէ խորքային բան չի փոխելու այդ մանդատի անցումն այլ երկրի ներկայացուցչի: 

Թե՛ ՀԱՊԿ–ը, թե՛ նախկին Խորհրդային Միության ժառանգության վրա ձևավորված շատ այլ կառույցներ, միավորումներ, մեծ հաշվով, կրում են անցյալի վերհուշի դերակատարություն, որոնք գուցե կենսական են Ռուսաստանի կայսերապաշտական ու տարածաշրջանային շահերի տեսանկյունից, բայց խոշոր հաշվով որևէ կենսականություն չունեն Հայաստանի համար: Հետևաբար, Հայաստանի խնդիրը, Հայաստանի նոր իշխանությունների խնդիրը ոչ թե նմանատիպ կառույցներում ղեկավար պորտֆելներ կորզելն է կամ ամեն գնով այդ պորտֆելները չկորցնելը, այլ ռեալ քաղաքական ազդեցության մեծացումն է, որի առկայության պարագայում միայն նմանատիպ կառույցներում հնարավոր կլինի գեներացնել մեր շահերը: Եթե այդ ազդեցությունը լինի բավարար, ապա անկախ նրանից, թե նման միավորումներում ովքեր են ղեկավար պաշտոնների, Հայաստանի շահերը միանշանակ հաշվի կառնվեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունների հաճախակի դրսևորվող դիվանագիտական անփութության ու արտաքին քաղաքականության մեջ նկատվող ինքնաբավ անհոգության դրսևորումները մտահոգիչ չեն: Միանշանակ մտահոգիչ են, բայց ոչ այնքան, որքան բուտաֆորիա հանդիսացող սիմվոլիկ մանդատներ ունենալու ձգտումը, որոնք ռեալ քաղաքականության իմաստով որևէ որոշիչ նշանակություն չունեն: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular