ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ի վերջին վատությունը. սաբոտա՞ժ, թե՞ վազք շանսի հետևից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ ԱԺ–ում քննարկվում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման հարցը, որը Հանրապետական կուսակցությունը բոյկոտեց: ՀՀԿ–ն նաև հանդես եկավ հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու են դեմ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե ամփոփ ներկայացնենք ՀՀԿ–ի պաշտոնական տեսակետը, ապա նոր Ընտրական օրենսգրքին դեմ լինելու հիմնական փաստարկը այդ օրենսգրքի ընդունման հետ կապված կառավարության դրսևորած հապճեպությունն է:

Իրականում, սակայն, պարզ է, որ ՀՀԿ–ի մոտիվացիան այլ է, և բացառապես տեխնիկական բնույթի խնդիրները, օրինակ, Վենետիկի հանձնաժողովին հղում անելը, ունեն երկրորդական նշանակություն: Բանն այն է, որ ինչքան էլ ՀՀԿ–ականները նշեն, թե ռեյտինգայինով անցած տարի ընտրվածների մեծ մասն այսօր առնչություն չունի իրենց հետ, այնուամենայնիվ, հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման դեպքում ՀՀԿ–ի համար միջանցք է բացվում հենց ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի համար այդ միջանցքը փակվում է կամ նեղանում: Ավելին, եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, այդ միջանցքն ըստ էության կփակվեր նախ և առաջ հենց ՀՀԿ–ի համար, իսկ շատ այլ ուժերի համար այն կբացվեր՝ հաշվի առնելով տոտալ համամասնական ընտրակարգի առանձնահատկությունները: 

Առաջին հայացքից ՀՀԿ–ն սաբոտաժի է գնում Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ մերժելով նոր ԸՕ–ն: Սակայն միայն առաջին հայացքից, քանի որ «հի՞ն, թե՞ նոր» ԸՕ երկընտրանքը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծում է մեկ հարց՝ ինչքան տոկոսներով նրանք կունենան մեծամասնություն: Բուն հարցը՝ մեծամասնության հարցը, կարծես թե, արդեն պարզ է: Պատահական չէ, որ օրերս Փաշինյանը հայտարարել էր, որ եթե նոր ԸՕ–ն չընդունվի, ընտրությունները կանցնեն հնով՝ պարզաբանելով, որ եթե կա ընտրությունները ազատ և արդար անցկացնելու կամք, ապա կարևոր չէ, թե ինչ օրենսգրքով:

Բնականաբար ԸՕ բովանդակությունն առավել քան կարևոր է, քանի որ դրանից է բխում նաև թե ինչպիսի կազմ կլինի ԱԺ–ում: Սակայն կոնկրետ իշխանության և Փաշինյանի համար նոր ԸՕ–ն առանձնապես եղանակ չի փոխում, քանի որ Երևանի ավագանու ընտրություններով պարզ դարձավ, որ այս կամ այն կերպ նրանք մեծամասնություն են լինելու նաև ԱԺ–ում: 

Հետևաբար, նոր ԸՕ–ի չընդունումն ու դրանից բխող հետևանքները կիսելու են մյուս քաղաքական ուժերը: Հատկանշական է, ընդ որում, ոչ միայն ռեյտինգային ընտրակարգի միջանցքը, որից կօգտվի, օրինակ, նույն ՀՀԿ–ն, ու օբյեկտիվ պատճառներով չեն կարողանա օգտվել, ասենք, «Սասնա ծռերը», «Լույս դաշինքը», մյուս փոքր կուսակցությունները, այլ նոր օրենսգրքով նախատեսված ու փաստորեն ձախողված առնվազն 4 քաղաքական ուժի անցողիկության հարցը, որը շանսեր էր տալիս այլ, ավելի քիչ ձայներ ունեցող ուժերին ևս հայտնվել խորհրդարանում: 

Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, ապա պարզ է, որ նույնիսկ այս պայմաններում, երբ չկա կենտրոնական իշխանության հովանավորչությունն ու ուժային կառույցների աչքկապոցին, հանրապետականները տեղերում շարունակում են պահպանել որոշակի ազդեցություն, որը կկարողանան վերածել քվեների: Թերևս հենց սրա վրա է արված նոր ԸՕ–ն բոյկոտելու հաշվարկը, հաշվարկ, որն, ըստ էության, նոր խորհրդարանում հայտնվելու համար ՀՀԿ–ին որոշակի շանսեր է տալիս: 

Մեծ հաշվով, իհարկե, հիմնական հարցը մնում է այն, թե ինչ կշահի քաղաքական դաշտն ու Հայաստանն ընդհանրապես նոր խորհրդարանից: Կենսականն այն չէ, թե որ ուժը ինչ համամասնությամբ կհայտնվի խորհրդարանում, կենսականն այդ ուժերի փոխգործակցությունն է, դրա որակն ու արդյունավետությունը: Իսկ այդ խնդիրն արդեն վեր է որևէ Ընտրական օրենսգրքի սահմաններից: Նոր որակի խորհրդարան ունենալու համար, ըստ այդմ, անհրաժեշտ է ոչ թե փաստաթղթեր, այլ քաղաքական կամք և գիտակցություն, թե ի վերջո հանուն ինչի է այս ամենը: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular