ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճակատամարտով տարված՝ պարտվում ենք պատերազմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ներքաղաքական առճակատումը գնալով ավելի անխուսափելի է դառնում: Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ սահմանադրական և քաղաքական ճգնաժամը հեշտ հաղթահարվող երևույթներ չեն: Հեղափոխությունն, իհարկե, իր տրամաբանությունն ունի, և այդ տրամաբանությունը ենթադրում է գույների որոշակի խտացում, դիրքավորումների և հռետորաբանության կոշտացում: Ի վերջո՝ որևէ հեղափոխություն, այդ թվում և սիրո ու համերաշխության լոզունգի տակ, փափուկ և խաղաղ գործընթաց չէ, այն ենթադրում է կտրուկ վերադասավորումներ:

Խտացվող գույների, կոշտացող դիրքորոշումների հորձանուտը, սակայն, վտանգ ունի կլանել բոլոր կողմերի գիտակցությունն այնքան, որ հակադրությունից, առճակատումից, քաղաքական բախումներից այն կողմ հնարավոր չլինի նկատել որևէ բան, որևէ հաջորդ քայլ, որն արդեն կվերաբերի ոչ թե կողմերից մեկին, այլ երկրին ընդհանրապես: 

Եվ խոսքն այստեղ բնավ դասական դարձած մանիպուլացիոն հնարքի մասին չէ, թե ներքին կոնֆլիկտների դեպքում արտաքին ուժերը կորոշեն ոչնչացնել Հայաստանը: Խոսքն այն մասին է, որ ցանկացած քաղաքական պրոցես ինքնանպատակ չէ, և ինչքան էլ գրավիչ լինի կոնկրետ խաղում, կոնկրետ մարտում հաղթելը, պետք է հիշել, որ խաղից հետո էլ բոլորս ստիպված ենք լինելու ապրել նույն երկրում, նույն տարածքում: Եվ կլինի իշխանություն, կլինի ընդդիմություն, թե մեկ այլ ուժ, կարևոր է գիտակցել, որ որևէ անձնական, խմբային, կուսակցական շահչի կարող լինել ավելին, քան այն միջավայրն ու երկիրն է, որում մենք ապրում ենք և ապրելու ենք: Սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է ոչինչ չանել, պրոցեսները թողնել ինքնահոսի՝ վերջում ունենալով ամորֆ և լճացած քաղաքական դաշտ: Ընդհակառակը՝ սա նշանակում է, որ պրոակտիվ քաղաքական գործընթացներին զուգահեռ պետք է ամրագրել կարևոր սկզբունք, որ ամեն ինչի վերջնական նպատակն ի վերջո երկիրը, պետությունն ու հասարակության շահն են՝ ժամանակային լայն կտրվածքով: 

Եթե այս գիտակցումը սկսի ոչ թե սոսկ բաժակաճառերի հանգվույն շրջանառվել, այլ ընկալվել ու անկեղծ կիրառվել, ապա ցանկացած քաղաքական կոնֆլիկտ կունենա հանգուցալուծման ավելի արագ և հեշտ ճանապարհ, քան այն, ինչին մենք ականատես ենք լինում: Ի վերջո՝ բոլոր կողմերն իրենց հերթին առանձին փոքր ճակատամարտերում տարված լինելով ամեն գնով հաղթելու մոլուցքով՝ վերջնահաշվարկում պարտվելու են բոլորը միասին վերցրած:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular