ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տեխնիկայով և հետաքրքիր մոտեցմամբ. Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի ցուցահանդեսը ՆԱՄ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեցին Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի աշխատանքները` ստեղծված «Զանգակ» հրատարակչության «Երևան.ճեպանկարների գիրք» նախագծի շրջանակներում: 

Ցուցահանդեսը կրում էր «Երևան» խորագիրը, որի ժամանակ երիտասարդ նկարիչները ներկայացրին նաև նոր, դեռ չցուցադրված աշխատանքները:

-Արարատի նոր ստեղծագործությունները և Զաքարի այս մոնո պաստառները, քաղաքի դրական փոփոխություններն ու տղաների որսացող հայացքները գրքի վերահրատարակման անհրաժեշտություն են ստեղծում… Շնորհակալ ենք «Նարեկացի» արվեստի միությանը նման առաջարկի և արդյունավետ աշխատանքի համար,- բացման խոսքով հանդես եկավ «Զանգակ»  հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը:

Միջոցառմանը ներկայացվեց հարուստ պատմությամբ, ինքնատիպ կոլորիտով, տեսարժան վայրերով և հետաքրքիր ճարտարապետական լուծումներով հագեցած մայրաքաղաք Երևանը միանգամայն այլ դիտանկյունից։

Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի ստեղծագործությունները ներկաներին փոխանցեցին հարազատ քաղաքի բազմազան անցյալն ու աշխույժ ներկան:

-Միության այս առաջարկը մեզ նոր գաղափարներ իրականացնելու մոտիվացիա  տվեց: Գրքի վրա աշխատելու ամբողջ ընթացքում ես և Զաքը «կռվում» էինք թվային դաշտում և թղթով ու մատիտով ստեղծագործելու տարբերության համար. մենք վստահ ենք, որ երկրորդ դեպքում նկարչից էներգետիկ դաշտ է փոխանցվում նկարին`  չնայած մենք երկու տարբերակով էլ աշխատել ենք,- իր խոսքում նշեց Արարատ Մինասյանը, իսկ Զաքար Դեմիրճյանն ավելացրեց, որ եթե ցուցահանդեսի առաջարկով զանգը չլիներ, ապա երևի թե նոր տեխնիկայով ստեղծված պաստառները չլինեին:

Տղաներն իրենց բնորոշ ակտիվությամբ ներկայացրին ստեղծագործություններն ու դրանց ստեղծման գաղտնիքները, իսկ հանդիսատեսը ներկա գտնվեց ևս մեկ գեղեցիկ ցուցահանդեսի՝ նվիրված Երևանին:

Նշենք, որ 2017 թվականին «Զանգակ» հրատարակչությունը ներկայացրեց մի հետաքրքիր նախագիծ, ըստ որի՝ երիտասարդ նկարիչներ Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի յուրօրինակ գործերի հիման վրա հրատարակվեց գիրք, որտեղ թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով զետեղված պատկերներն ընթերցողներին ծանոթացնում են հին և նոր Երևանին: 

Գրքում տեղ գտած հետաքրքիր մտքերի հեղինակն է դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular