ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկի ծնողները, որոշեցին նկարել իրենց երեխային քնած ժամանակ․ Այն ինչ անում էր երեխան, ցնցել է ողջ համացանցը․ ՍԱ տեսնել է պետք. Տեսանյութ

ՎԻԴԵՈ
Որո՞նք են հայ ծնողների սխալները երեխա դաստիարակելիս. խորհուրդներ հոգեբանից
 
Նյութը՝ intermedia24.ru
 

Ամենուր կարելի է լսել` «երեխաները մեր ապագան են», «երեխաների համար` ամեն ինչ», «ինչ անում ենք, անում ենք մեր երեխաների համար» եւ այլ արտահայտություններ: Սակայն, ամեն ինչ երեխաների համար անելու ցանկությամբ ծնողներն այնպիսի սխալներ են թույլ տալիս նրանց դաստիրակության հարցում, որ դրանք կարող են ճակատագրական լինել թե իրենց, թե երեխաների կյանքում: 

Ուստի, պետք չէ երեխաների համար ամեն ինչ անել, բավական է նրանց ճիշտ դաստիարակել, ինչը կերաշխավորի թե երեխայի` իր կյանքում տեղը գտնելը, կայանալը, թե ծնող-երեխա բարիդրացիական եւ փոխադարձ երախտագիտական հարաբերությունները:

Հայաստանում ծնողների մոտ 30 տոկոսը սխալ է դաստիարակում երեխաներին, տղամարդկանց 80 տոկոսը ընդհանրապես չի մասնակցում երեխաների դաստիարակությանը, ինչը ամենամեծ բացթողումներից է, իսկ տատիկ, պապիկներն էլ հաճախ ոչ թե դաստիրակում են երեխային, այլ` երես տալիս ու փչացնում: Այսպիսի եզրահանգման է եկել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը իր պրակտիկայի ընթացքում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխա դաստիարակելիս հայ ծնողների, մասնավորապես` մայրերի  թիվ մեկ սխալը գերխնամքն է: «Նկատի ունենք, որ ծնողը ուզում է, որ երեխան շատ ուտի, որ երեխան չմրսի, որ երեխան ամեն ինչ ճիշտ անի` փողոցը ճիշտ անցնի եւ այլն: Հատկապես մեր մայրերը սուպերմայրեր են, չափից դուրս մայր են, նրանց հիմնական չափանիշը երեխային բամբակի մեջ պահելն է, այն դեպքում երբ դաստիարակության իմաստը երեխային ինքնուրույն դարձնելն է»,- նշեց նա:

Գերխնամքը կարող է հանգեցնել բավական լուրջ խնդիրների, օրինակ` երեխան դառնում է անինքնուրույն, նեւրոտիկ, ծայրահեղ դեպքում կարող է նույնիսկ հոգեկան ծանր հիվանդության պատճառ դառնալ: Դրա փոխարեն` ռուսները անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ, ինչը ծայրահեղություն է, իսկ լավագույն տարբերակը, հոգեբանի խոսքով, այդ երկուսի միջինն է:

Հայ ծնողների հաջորդ սխալն երեխաների փոխարեն որոշումներ կայացնելն է: «Ծնողներն են ծրագրավորում երեխաների կյանքը, նրանք են որոշում, թե երեխան ում պետք է սիրահարվի, ինչ մասնագիտություն պետք է ընտրի, մինչդեռ ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող որոշել եւ առավել եւս` կրել այդ որոշման պատասխանատվությունը, դրա հետեւանքները անդառնալի են լինում»,- ասաց հոգեբանը:

Ի դեպ, ծնողները եւ երեխաները հոգեբաններին ամենաշատը դիմում են հենց այդ խնդրով` երեխաներին ինքնուրույն չթողնելու, նրանց փոխարեն որոշումներ կայացնելու համար հատկապես` սիրային հարցերում: Հենց այս թեմաներ շուրջ էլ առաջանում են հայ ծնողների-երեխաների կոնֆլիկտը: Փաստորեն`  երեխաներին սխալ դաստիարակելիս անհնար է խուսափել ծնող-երեխա «պատերազմներից», որոնք ի հայտ են գալիս դեռահասության եւ ճգնաժամային տարիքներում, օրինակ` 3-4 տարեկանում:

Մյուս սխալը, որ թույլ է տրվում հայ ծնողների կողմից, ավտորիտար դաստիարակությունն է, այսինքն` երբ ծնողը միշտ ճիշտ է, իսկ երեխան` միշտ սխալ: Հայ ծնողների կողմից թույլ տրվող կարեւոր սխալներից է նաեւ  երեխայի բոլոր կամակորությունները, ցանկությունները կատարելը, եւ դա անում են ոչ թե երեխայի համար, այլ ինքնահաստատվելու համար: «Օրինակ` 16 տարեկան երեխային մեքենա են գնում, ի՞նչ է, թե ասեն, որ տես մենք հարեւանից լավ ծնող ենք` ինքը մեքենա չի գնում երեխայի համար, մենք գնում ենք: Մինչդեռ հայ ծնողները պետք է հասկանան, որ պահանջմունքի առաջացման եւ դրա բավարարման միջեւ պետք է ընկած լինի տանջանքը»,- ասաց հոգեբանը` շեշտելով, որ հայ ծնողները ցանկանում են, որ երեխաները հնարավորինս շատ կախված վիճակում մնան իրենցից: Երեխաների դաստիարակության հարցում թույլ տրվող սխալներից է նաեւ հակասական դաստիարակությունը, երբ հանկարծ երեխայի բոլոր կամակորությունները կատարել են, իսկ այժմ չեն անում եւ երեխայի մոտ հարց է առաջանում, թե ինչու է այդպես:

Հոգեբանը հատուկ առանձնացրեց այն, որ հայ հասարակությա մեջ հայրերը չեն զբաղվում երեխաների դաստիրակությամբ, նրանք ընկալվում են որպես ընտանիքին կերակրող ձեռք, դրսի մարդ, իսկ երեխաների դաստիարակության հետ գործ չունեն: Մինչդեռ, Սամվել Խուդոյանի խոսքով,  հոր դաստիարակության  բացակայությունը ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ թե տղայի, թե աղջկա դաստիարակության գործում, մասնավորապես` տղայի դեպքում առնականության պակասի, իսկ աղջկա դեպքում` առնականության մոդել չունենալու մեջ:

Սամվել Խուդոյանի խոսքով` հայ ծնողների մոտ գրեթե բացակայում է սեռական դաստիարակությունը, այդ թեմաներն ընդհանրապես չեն քննարկվում, իսկ եթե երեխան խոսում է այդ թեմաներով,  դա կարող է ծնողների զայրույթն առաջացնել:

Ինչ վերաբերում է տատիկ-պապիկներին, ապա նրանք երեխաներին երես տալով, նրանց բոլոր քմահաճույքները բավարարելով, փորձում են դիվիդենտներ ձեռք բերել, երեխաներին իրենց կողմը գրավել, նրանցով իմաստավորել իրենց կյանքը: «Իրենք իրենց կյյանքն իմաստավորելու եւ իրենց պիտանի զգալու համար ինքնահաստատվում են երեխաների դաստիրակության վրա, կարծես կաշառք են տալիս երեխաներին, որ կապվեն իրենց հետ եւ հետագայում նրանց խնամեն»,- նշեց Սամվել Խուդոյանը: Նա խորհուրդ է տալիս տատիկ, պապիկներին` որպես դաստիարակության փորձառուներ,  խորհուրդ տալ իրենց երեխաներին` ինչպես ճիշտ դաստիարակել թոռներին, ոչ թե փորձել նրանց իրենց կողմը գրավել եւ նրանց սերը շահելու հարցում մրցության մեջ մտնել երեխայի ծնողների հետ:

Սամվել Խուդոյանը  մեկ անգամ եւս հիշեցնում է ծնողներին, որ դաստիարակության իմաստը երեխաներին ինքնուրույն մեծացնելն է, մինչդեռ ծնողները հակառակն են անում: Իսկ «ծնողների դաստիրակության ձեռքին տառապող» երեխաներին հոգեբանը խորհուրդ է տալիս դիմել մանիպուլացիայի, օրինակ` ցույց տալ, որ ամեն ինչ կանես իր ասածով, բայց որոշումներ ինքնուրույն կայացնել: «Եթե ուզում եք ձեր երեխան երջանիկ լինի, ձեր նպատակը դարձրեք անչափ շուտ ձեր երեխաներին ինքնուրույն դարձնելը ամենատարբեր ոլորտներում, օրինակ` հաց ուտել, որոշել ինչ անել, ինչ դառնալ, ում սիրել, ում հետ ամուսնանալ եւ այլն: Ես ընդհանրապես խորհուրդ կտայի 15-16 տարեկանից թույլ տան, որ երեխաները  աշխատեն, փող վաստակեբ»,- նշեց նա:

Իհարկե, երեխայի յուրաքանչյուր տարիքում ծնողները կարող են տարբեր սխալներ թույլ տալ, կան դաստիարակության տարիքային առանձնահատկություններ, հետեւաբար` սխալներն էլ առանձնահատկություններ ունեն: Հանուն արդարության պետք է նշել նաեւ, որ հայ իրականության մեջ քիչ չեն նաեւ լավ ծնողները, ովքեր օրինակելի դաստիրակություն են տվել եւ տալիս իրենց երեխաներին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular