ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրիկ. «Փորձում էինք գաղտնի պահել, բայց չստացվեց»

ՎԻԴԵՈ

Էրիկ Կարապետյանի հետ մեր նոր զրույցի առիթն օրերս թողարկված «Իմ աշխարհ եկ» երգի տեսահոլովակն է: Նա ասաց, որ երկար ժամանակ փորձում էին երգը հեռացնել տարբեր հարթակներից, որպեսզի նորություն լիներ ու առաջին անգամ հնչեր տեսահոլովակում, ինչն այնքան էլ չի հաջողվել:

«Փորձում էինք երգը գաղտնի պահել, որպեսզի պրեմիերա լիներ, բայց մարդիկ հասցրել էին իրար ուղարկել, տարածել: Իհարկե, ի ուրախություն ինձ է, որ երգն արդեն հասցրել է սիրվել: Շատ դեպքեր են լինում, երբ գումար ես ծախսում, գեղեցիկ տեսահոլովակ ես նկարահանում, բայց երգն այդպես էլ մնում է իր տեղում: Սա փաստորեն այդ դեպքերից չէ: Շատ շնորհակալ եմ նրանց, ովքեր սիրել են մեր նոր աշխատանքը: Վստահ եմ՝ ովքեր դեռ չեն հասցրել լսել, նրանց նույնպես դուր կգա»,- ասաց նա:

«Իմ աշխարհ եկ» տեսահոլովակի նկարահանումներին


Նշենք, որ երգի երաժշտության հեղինակն ինքը՝ Էրիկն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը.«Մի թիմ, որի հետ ես բազմիցս աշխատել եմ, ու հիմա եւս մեկ աշխատանք ունեցանք միասին: Տեսահոլովակն իր ոճով ու գունային լուծումներով տարբերվում է իմ նախորդ աշխատանքներից: Սյուժե, որպես այդպիսին, չկա, կա հոգեվիճակ, որը համահունչ է երգին: Շեշտը դրել ենք երգի վրա, քանի որ այս դեպքում, կարծում եմ, հենց դա է ամենակարեւորը: Ոչ մի ուրիշ խանգարող բան չպետք է լիներ տեսահոլովակում»,- ընդգծեց երգիչը:

Նրա հետ զրուցեցինք նաեւ վերջերս Թբիլիսիում կայացած համերգի մասին, որտեղ բացի իրենից, հանդես էին եկել հայկական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Գոռ Հակոբյանը, Վաչե Ամարյանը, Մավր Մկրտչյանը, իսկ երեկոն վարել է Մենչը՝ Արմեն Պետրոսյանը: Յոթ տարի անց սա առաջին համերգն է եղել Վրաստանի մայրաքաղաքում, որտեղ միասին ելույթ են ունեցել հայ երգիչները: Էրիկի կարծիքով՝ թբիլիսահայ հանդիսատեսը բավական փոխվել է եւ ծանոթ է հայ կատարողներին ու նրանց երգերին: Դրան, իհարկե, նպաստել է նաեւ համացանցը:

«Իմ աշխարհ եկ» տեսահոլովակի նկարահանումներին


«Հետաքրքիր է, որ այնտեղ բոլորին շատ լավ գիտեին, ճանաչում էին: Դա ինձ համար մեծ ուրախություն էր որպես Թբիլիսիի հայ: Ուզում եմ ասել՝ սա սկիզբն էր թբիլիսյան համերգների: Վստահ եմ՝ մոտ ապագայում նման շատ համերգներ կլինեն, բայց ես խոստացել եմ այնտեղի հայ հանդիսատեսին, որ մենահամերգով անպայման հանդես կգամ: Բնականաբար, այս տարի արդեն չենք հասցնի, բայց հաջորդ տարի՝ երեւի աշնանը, մեծ համերգ կունենամ նվագախմբի հետ»,- հավելեց երգիչը: 


Լուսանկարները տրամադրել է Էրիկը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular