ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 պատճառ՝ ինչու պետք է դեմ քվեարկել 2018թ. պետբյուջեին. Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում 2018թ. բյուջեի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին:  

«Պատճառ առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում։ Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը»,-ասաց պատգամավորը և մեջբերեց վարչապետի խոսքը, թե պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ գնաճը դիմակայելու համար:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ գնաճը մեղմելու բարենպաստ պայմանը թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնելն է, ինչն այս բյուջեով չի արվում:

Պատգամավորը նշեց երկրորդ պատճառը՝ «խայտառակ գնաճ», որը, ըստ նրա, որևէ կերպ չի զսպվում և կրկնակի-եռակի աղքատացման է տանում:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե կառավարության ներկայացուցիչն ասում է, թե ապրանքատեսակներ կան, որոնց գինն իջել է, մինչդեռ, ըստ նրա, դրանք տասներորդ նշանակության ապրանքներ են:

«Օրինակ՝ «բոլտ ու գայկայի» գինն իջել է, բայց առաջին սպառման ապրանքների գները կտրուկ աճել են՝ կարագ, մսամթերք, նաև հագուստը 15%-ով թանկացել է։ Շարքային սպառողին չի կարող հուսադրել, որ «բոլտ ու գայկայի» գինը իջել է»,-ասաց նա:

Երրորդ պատճառը, ըստ նրա, թվով 5560 աշխատատեղի կրճատումն է: «Ասացին՝ աշխատատեղեր են բացվելու, վիրտուալ աշխատատեղեր, և ես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է, օրինակ, կրճատված ուսուցիչը, բժիշկը գնալու և աշխատելու Ամուլսարի հնարավոր բացվող հանքերում որպես հանքափոր։ Այս տրանսֆորմացիան չկարողացա պատկերացնել»,-ասաց նա:

Չորրորդ պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, կրթության և գիտության ծախսերի կրճատումն է, մինչդեռ նա շեշտեց, թե լսում էինք, որ գիտելիքահենք կրթություն են ապահովելու, որ տնտեսության ռեսուրսը գիտնականն է. «Գեղեցիկ նախադասություններ՝ արդյունքում 0 արդյունք»։

Բյուջեի նախագծին դեմ քվեարկելու հինգերորդ պատճառը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ դեմոգրաֆիկ ծայրահեղ պատկերն է: Նա մի շարք համայնքներ թվարկեց և նշեց, թե այս և շատ ուրիշ այլ գյուղերում չկա առաջին դասարան, կամ լավագույն դեպքում կա մեկ աշակերտ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ դա ոչ այլ ինչ է, քան դեմոգրաֆիական աղետ:

Նաիրա Զոհրաբյանը կրկին մեջբերեց վարչապետի հայտարարություններից մեկը, թե տնտեսական աճը սուբյեկտիվ և անչափելի գործոն է, հնարավոր չէ նշել, թե ով է զգում իր մաշկի վրա և ով չի զգում: Պատգամավորը շեշտեց, թե այդ աճը չափելի է: 

«Եթե Դուք և Ձեր թիմը գոնե մեկ օր Ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ շարքային քաղաքացին է զգում, չէիք ասի, որ անչափելի է»,-ասաց նա:

Վերջում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունն առաջարկ կներկայացնի, որ ցանկացած վարկ վերցնելուց առաջ՝ մինչև վարկերի հաստատվելը, նախապես քննարկեն բոլոր քաղաքական ուժերի հետ և խորհրդարանի թույլտվությունը ստանալուց հետո նոր սկսեն բանակցել:

Նելլի Լազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular