ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցում հողային զիջման մասին որոշում ընդունելն ապագայի հանդեպ մեծ պարտավորություն վերցնել է. ԱՀ ԱԺ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի համոզմամբ՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետների միջև խորքային տարբերություն չկա:  

«Ես չեմ տեսնում նման տարբերություն, խորքային տարբերություն ըստ էության չկա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ համակարծի՞ք են ՀՀ պաշտոնական այն տեսակետի հետ, որ ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հնչել է, թե «ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում, Էդուարդ Աղաբեկյանը պատասխանեց. «ՀՀ նախագահը միշտ էլ շեշտել է ցավոտության մասին, երևի նկատի ունի, որ հարցի ցանկացած լուծում պետք է նաև ինչ-որ փոխզիջումներ ունենա, չգիտեմ ինչ մակարդակով ինչպես են հասկանում, բայց երևի դա նկատի ունի»:

Հարցին, թե ըստ իր պատկերացման՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը՝ Աղաբեկյանը նշեց, թե ինքը չի կարող ասել, քանի որ իր համար «Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է»:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ Արցախը չի ճանաչվել միջազգայնորեն, ԱՀ պատգամավորն արձագանքեց. «Հետո ի՞նչ, կան ահագին ճանաչված պետություններ, որ կերազեին Ղարաբաղի չափ ճանաչում ունենային։ Հիմա եթե Ջիբրալթարը մենք չենք ճանաչում, դա օրինակ չի՞ անցնում, կամ որ Սովետը 30-ական թվականներին է Ամերիկայի կողմից ճանաչվել՝ ի՞նչ է եղել»:

Հարցին, թե այսինքն՝ պետք չէ՞ որպես հարցի լուծում սպասել միջազգային հանրության որոշմանը, պատգամավորը պատասխանեց. «Այո, կոնկրետ իմ համար՝ այո»:

Հարցը, թե հաշվի առնելով, որ այլընտրանքը պատերազմ է, հնարավոր համարո՞ւմ է, որ երբ ասում են ցավոտ լուծում՝ նկատի ունեն հողային զիջումներ, ԱՀ ԱԺ պատգամավորը վրդովվեց. «Ի՞նչ զիջման մասին է խոսքը, անընդհատ զիջում, զիջում, ոչ մեկ ոչ մի բան չի զիջելու»:

Դիտարկմանը, թե գուցե հենց այս հարցում էլ կայանում է երկու հայկական պետությունների տեսակետների տարբերությունը՝ Էդուարդ Աղաբեկյանը պատասխանեց. «Ոչ մեկն էլ ոչինչ հենց այնպես չի զիջի: Նման որոշում ընդունելը ապագայի հանդեպ մեծ պարտավորություն վերցնել է»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular