ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանը՝Մովսիսյանին ու Ղազարյանին հավաքական չհրավիրելու եւ Արզումանյանի հեռանալու մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում քննարկել Յուրա Մովսիսյանին եւ Գեւորգ Ղազարյանին հավաքական չհրավիրվելու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի որոշումը: Այսօր՝ մարտի 22-ին, հավաքականը, պատրաստվելով Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը, բաց մարզում անցկացրեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Մարզումից հետո լրագրողների հետ զրույցում Մխիթարյանն անդրադարձավ այս եւ հավաքականին վերաբերող մի քանի այլ հարցերի:

«Ճիշտ է` Յուրա Մովսիսյանի եւ Գեւորգ Ղազարյանի բացակայությունն զգացնել կտա, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ կլինեն խաղին: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք»,-ասաց նա:

Ֆուտբոլիստը խոսեց նաեւ պաշտպան Ռոբերտ Արզումանյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու որոշման մասին: Նա նշեց, որ պատճառների մասին տեղյակ չէ եւ կարող է միայն հարգել խաղընկերոջ որոշումը:

«Ես կարող եմ միայն հարգել Ռոբերտի որոշումը: Դեռ նրա հետ չեմ քննարկել, թե ինչու է նման որոշում կայացրել, սակայն հասկանում եմ, եթե որոշել է հրաժեշտ տալ հավաքականին, խնդիր չկա: Եթե այդպես է որոշել, ուրեմն միայն շնորհակալություն եմ հայտնում այսքան տարի հավաքականին տրամադրելու համար: Ճիշտ է՝ ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք, պետք է մտածենք, որ ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան փոխարինել նրան»,-ասաց նա:

Բելառուսի դեմ հանդիպումը նաեւ լինելու է Հայաստանի ընտրանու լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը: Մխիթարյանն ընդգծում է, որ ամեն ինչ պետք է անեն վերջինիս բարձր տրամադրությունն ապահովելու համար:

«Ամեն ինչ կանենք, որ նրան բարձր տրամադրությամբ հաջողություն մաղթենք»,-ասաց նա:

Բերեզովսկու հեռանալուց հետո թիմի ավագի պարտականություններն ստանձնել է հենց Մխիթարյանը: Նա նշում է, որ թեեւ դա մեծ պատասխանատվություն է, սակայն ավագի թեւկապը չէ, որ պետք է ստիպի ֆուտբոլիստին հնարավորինս նվիրված խաղալ:

«Պետք է պարզապես դժվար պահերին կարողանալ առաջ տանել թիմին, եւ նշանակություն չունի՝ կլինեմ ավագ, թե՝ ո՛չ, միշտ պատրաստ եմ թիմին իմ ետեւից տանելու եւ թիմակիցներիս օգնելու»,-ասաց նա:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը տեղի է ունենալու մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular