ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհեթեթություն». Լապշինը պատմել է՝ ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am/Ադրբեջանից օրերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում այս անգամ ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցի քննիչներն անցկացնում հարցաքննությունները: Նա նշել է, որ չնայած նրան, որ իր հարցաքննություններն անց էին կացնում երկրի լավագույն քննիչները, այդ ամբողջ գործընթացն իրենից անհեթեթություն էր ներկայացնում:


«Նրանք լավ խոսում էին ռուսերեն, ոչ տեղին և ոչ ծիծաղելի սրամտություններ էին անում «Կովկասյան գերուհին» և «Միմինո» ֆիլմերից մեջբերումներով, և ամեն կերպ ինձ համոզում էին, որ միայն Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու խոստովանությունը կմեղմի իմ պատիժը»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ քննիչները հատուկ թշնամություն էին դրսևորում Ռուսաստանի նկատմամբ:


«Այդքան անհեթեթ և բացահայտ անհիմն մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին ես անգամ չէի սպասում լսել»,- գրել է Լապշինը:


Բլոգերը պատմել է, որ քննիչները պարբերաբար նույն հարցն էին տալիս իրեն. Ադրբեջանի իշխանությունները նրանց «հիմար դրության» մեջ էին դրել՝ ստիպելով ամեն օր գալ կալանավայր և կրկին տալ Հայաստանի հատուկ ծառայությունների համար «աշխատելու» հարցը: Լապշինը նշել է, որ նա անգամ փոքր-ինչ խղճում էր նրանց:


«Նա (ադրբեջանցի գնդապետ Թալիբովը) վստահամբ հասկանում էր, որ դատարկ գործով է զբաղվում, և ոչ մի հատուկ ծառայություն էլ չկա, բայց վերևներից պահանջում էին ցուցադրական գործընթաց, և նա առանց առանձնահատուկ եռանդի կատարում էր իր աշխատանքը»,- գրել է Լապշինը:


Բլոգերը պատմել է, որ մասնավոր զրույցներում նրանք խոստովանում էին՝ «Գիտես՝ մեզ պե՞տք է»:


«Ամեն ինչ ակնհայտորեն մտածված էր որպես փոխհատուցում կորցրած Ղարաբաղի համար, իբր՝ «թեկուզ մենք կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը՝ ճանապարհորդ բլոգերի ենք բռնել»: Դա ինչ-որ առումով պետք է աջակցեր ադրբեջանական հասարակությունում հուսահատ տրամադրություններին: Բայց, ինչպես ասացի, ստացվեց ինչ-որ անհեթեթ ֆանտասմագորիա՝ սկսած այդ ժամանակ քիչ հայտնի բլոգերին քարշ տվող դիմակներով հատուկջոկատայիններից և ավարտած ցուցադրական դատով, որը վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում և տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Իսկ սեպտեմբերի 10-ին խցիկում ինձ սպանելու փորձը և սեպտեմբրեի 11-ի առավոտյան անսպասելի ինձ ներում շնորհելը և AZAL չվերթի բիզնես կարգով անհապաղ Թել Ավիվ ուղարկելը ոչ մի բանի մեջ չի տեղավորվում»,- գրել է Լապշինը:


Հրապարակման մեջ նա մեջբերումներ է արել իրեն հարցաքննությունների ընթացքում տրված անհեթեթ հարցերից: Օրինակ՝ «Ինչպե՞ս է Ղարաբաղում ձեր ամառանոցը։ Չունե՞ք ամառանոց Ղարաբաղում։ Իսկ ասում էիք՝ ունեք։ Ուրեմն ո՞չ։ Դե լավ։ Ասում եք, ինչպե՞ս է ամառանոցը»։


Ավելի վաղ Լապշինը պատմել է նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացրած բանտային օրերի մասին ու բացահայտել, թե ինչ պայմաններում են ապրում տեղի դատապարտյալները:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:

Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:


Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular