ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կիսաբաց լուսամուտների» Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Orer.am-ը գրում է.

Հայտնի հաղորդաշարը թերևս տեսել են բոլորը: Եթե անգամ հատուկ նպատակադրված չեն նայել, ապա գոնե դրվագների հետ առնչվել են: Սույն ակնարկում չկա որևէ հեգնանք կամ սարկազմ այդ հաղորդաշարի, հաղորդաշարի անձնակազմի կամ այն վարողի նկատմամբ: Եթե անգամ ինչ-որ բացասական երանգներ կլինեն, ապա դրանք միայն ու միայն իրականությունն արտացոլելու համար են:

Հաղորդաշարը հիմնականում քննադատում է ֆեյսբուքյան զանգվածը: Դա այն զանգվածն է, որ մեծ մասն հիմնական Հայաստանը տեսնում է կապույտ էկրանին՝ իր էկզոտիկ ընկերների ծովային ու եթերային նկարների միջոցով կամ ոմանց ողջախոհ գրառումներով: Իրականում Հայաստանն այլ է: Կապույտ էկրանից այն կողմ այլ Հայաստան է: Այդ Հայաստանը տգետների, մուրացիկների, սոված երեխաների, անառողջ հարաբերությունների, հայհոյանքների, սեփական աղջկա հոգեմետ դեղերը վաճառողների Հայաստանն է:

Եթե մենք ունենայինք իրական պետություն և այդ պետական արժեքները կրող իշխանություն, ապա չէինք ունենա «Կիսաբաց լուսամուտների» նման հաղորդաշարերի կարիք: Սակայն մենք չունենք պետական գործառույթներ իրականացնող իշխանություն, և ամեն ինչ մեզանում թողնված է հասարակության վրա: Երեխան փրկության կարիք ունի, հասարակությունն է դրամահավաք կազմակերպում: Ինը երեխա ունեցող ընտանիքը սովի եզրին է՝ հասարակությունն է օգնում: Այս վերջինի հետ կապված ասեմ, որ ցանկացած լուրջ երկրում, եթե դա Չինաստանը կամ Հնդկաստանը չէ, ապա ցանկացած երեք և ավել երեխա ունեցող ընտանիքին պետությունը պահում է իր գլխի վրա՝ ապահովելով ամեն ինչով: Իսկ Հայաստանու՞մ: Հայաստանում այլ է: Հայաստանում անգամ զինվորի գուլպան է հասարակությունը գնում, որպեսզի հնարավորություն տա խաչատուրովանմաններին լափել բանակի բյուջեն:

Գրածիս մեջ միայն ցավ կա ու անսահման կարեկցում: Շատերն են ծաղրում հաղորդաշարը և հաղորդաշարում հայտնված հերոսներին: Սակայն դա հարցի լուծում չէ: Ծաղրողներից յուրաքանչյուրն իրեն հարց պետք է տա, թե արդյո՞ք  այդ մարդն արդեն ծաղրված չէ ճակատագրի կողմից, որ հասել է այդ վիճակին:

Մյուս կողմից, իշխանությանը պետք է հենց «Կիսաբաց լուսամուտների» Հայաստանը: Այդ Հայաստանում հեշտ է կառավարել, այդ Հայաստանում շատ հեշտ է 10.000 դրամ թուլայափայով ձայն գնել ու տիրել նաև մնացած՝ շատ քիչ առողջ զանգվածին:

Իրականությունից փախչել պետք չէ, իրական Հայաստանը «Կիսաբաց լուսամուտների» Հայաստանն է: Իրական Հայաստանը վերածվել է տգետների և մուրացիկների ապաստարանի: 

Վահրամ Թոքմաջյան, Orer.am, վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular