ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջ «երազանքին». Թրամփը պատրաստվում է փակել ապօրինի ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն տվող ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է փակել նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված ծրագիրը, որն աշխատելու հնարավորություն է տալիս ապօրինի ներգաղթյալներին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ծրագիրը փոխարինելու համար Կոնգրեսին ժամանակ կտրվի: Երկրի գերագույն օրենսդիր մարմինը պետք է 6 ամսում ներկայացնի ծրագրի այլընտրանքային տարբերակը:

Պարբերականը մանրամասնում է, որ խոսքը մանուկ հասակում ապօրինաբար Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն տվող ծրագրի ( Deferred Action for Childhood Arrivals (Daca)) մասին է: Այս ծրագիրն առավելապես հայտնի է «Dreamers» («Երազողները») անվամբ:

Նշվում է, որ Օբամայի ներկայացրած ծրագրի շնորհիվ մոտ 800.000 երիտասարդ տղամարդ ու կին հնարավորություն է ստացել օրինական հիմունքներով աշխատանք ունենալ:

Նշվում է, որ այն չեղարկելու վերաբերյալ Թրամփի մտադրությունն անհանգստանալու առիթ է տվել ոչ միայն  կոնգրեսականներին, այլև խոշոր գործարարներին՝ այդ թվում նաև Facebook-ի և Apple-ի ղեկավարներ Մարկ Ցուկերբերգին ու Թիմ Քուկին: Վերջինս հայտարարել է, որ իր աշխատակազմի 250 անդամ հենց այդ «երազողներից է», որոնց կողքին ինքը կանգնած է:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը ևս դիմել է կուսակից նախագահին՝ կոչ անելով չփակել ծրագիրը:


Աղբյուրը նկատում է, որ «երազողներն» ԱՄՆ-ում բնակվող 11 մլն ապօրինի ներգաղթյալների ստվար մասն են կազմում: Նրանց մեծ մասը լատինամերիկացիներ են՝ հիմնականում Մեքսիկայից: «Երազողների» հիմնական մասն ապրում է Կալիֆորնիայում, մեծ խմբեր կան նաև Տեխասում, Նյու Յորքում, Իլինոիսում ու Ֆլորիդայում:

Դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Թրամփը խոստացել էր նրանց բոլորին արտաքսել երկրից:

Daca ծրագրի աջակիցների խոսքով՝ դրանում ներառված մարդիկ թեև չեն ծնվել ԱՄՆ-ում, սակայն ամերիկյան կրթություն են ստացել, ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը, կյանքի մեծ մասն անցկացրել են Միացյալ Նահանգերում ու չնչին կապեր ունեն ծննդավայրի հետ: Մինչդեռ ծրագրի ընդդիմախոսները բերում են այն փաստարկը, որ ապօրինի ներգաղթյալները խլում են շարքային ամերիկացիների աշխատատեղերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular