ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամ «բազար անել», կամ խաբվել. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Հանկարծ հարիֆ չլինես, չխաբվես»` մանկուց այս նախազգուշացումն եմ լսում և, ճիշտն ասած, միշտ արհամարհել եմ այդ կոչը: «Հանկարծ չերևամ թույլ, ոչ վճռական, ոչ առնական, ծիծաղելի», «համապատասխանեմ այս դաժան աշխարհի պահանջներին»՝ նման պարանոյիկ վախերով առաջնորդվելը մարդուն մշտական լարվածության մեջ է պահում, դժբախտ է դարձնում: Իսկ կյանքն այնքանով է դաժան կամ բարի, տխուր կամ ուրախ, որքանով ե՛ս եմ այն կերտում:

Այս ընդհանուր սկզբունքը ձևակերպելով՝ բերեմ «խաբվելու» մի օրինակ: Ինչպես հայտնի է, խաբելն ու «ֆռացնելը» հայաստանյան մշակույթի անբաժանելի մասն է: (Հատուկ եմ նշում՝ հայաստանյան, ոչ թե հայկական, որովհետու հայը, օրինակ, Գերմանիայում դժվար թե համարձակվի նման վարք դրսևորել): Դա առնվազն տասնամյակների ավանդույթ է՝ իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում ես այդ երևույթի ականատեսն եմ: Մասնավորապես, խաբելու և «ֆռացնելու» վիրտուոզ վարպետներ են մեր արհեստավորները: Խնդրի լուծումը ոչ թե այդ խեղճ մարդկանց փնովելն է, այլ «սպիտակ», պայմանագրային հարաբերություններ հաստատելը: Ես զանգահարում եմ, ենթադրենք, վերանորոգում իրականացնող ընկերություն, գրավոր պայմանավորվում եմ աշխատանքի մասին, փոխանցում եմ «սպիտակ» գումար, ստանում եմ անդորրագիր կամ ՀԴՄ կտրոն, իսկ պայմանագրի մեջ գրված է. աշխատանքը կատարվում է, ասենք, 10 օրում, որի համար վճարվում է 10X գումար, իսկ եթե տևի 11 օր, ապա ինձ վերադարձվում է X գումար, եթե տևի 12 օր, ապա վերադարձվում է 2X գումար և այլն:

Քանի որ մենք այդ, ինչպես ասում են, «ինստիտուցիոնալ» լուծումից շատ հեռու ենք, իրական հայաստանյան շփումներում կա երկու տարբերակ: Առաջինը՝ ամեն օր «բազար անել» վարպետի հետ, թե ինչու նա չի արել այս կամ այն գործը, և լսել նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է նա հերթական անգամ գնացել հերթական բարեկամի կնունքին կամ թաղմանը: Այդ դեպքում ես պետք է համատեղեմ Շերլոկ Հոլմսի և Վիշինսկու հատկությունները: Երկրորդ տարբերակը «խաբվելն» է, որը և գերադասելի է ինձ համար: Քանի որ չկան չխաբվելու հստակ իրավական մեխանիզմներ, ապա մեծ հաշվով, մնացած բոլոր գործողությունները (այդ թվում՝ «բազար անելը») խաբեություն է կամ ինքնախաբեություն:

Թող մտածեն, որ ես «հարիֆ» եմ: Երբեք, ոչ մի հարցով չեմ ձգտել «թրենդի մեջ» լինել:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular