ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի հետ փոխադարձ սպառնալիքներից հետո Հս. Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեան շաբաթ առավոտյան կրկին հրթիռի արձակում է իրականացրել։ Նախնական տվյալների համաձայն՝ դրանք եղել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ռոնհապ» գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբերի պետերի միացյալ կոմիտեում աղբյուրներին։


Սա Միացյալ Նահանգների հետ սպառնալիքների փոխանակումից հետո իրականացված առաջին արձակումն է։


Ինչպես հայտնել են գերատեսչությունից, երեք հրթիռներն արձակվել են Կանվոնդո նահանգից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հարավկորեացի զինվորականները նաև հայտնել են, որ հրթիռները թռել են մոտ 250 կմ։


Ամերիկացի զինվորականները նույնպես ֆիքսել են հյուսիսկորեական հրթիռների արձակումը։ Ըստ նրանց տվյալների՝ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռի արձակումն ավարտվել է անհաջողությամբ, իսկ երրորդ հրթիռը պայթել է արձակումից հետո։


Հարավային Կորեայում այս առիթով Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։


Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում: Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:


Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:


Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել էին մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել էր, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն էր տվել այս որոշմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular