Սիրիայում մահացել է քրդական ջոկատների հայազգի հրամանատար Նուբար Օզանյանը. լրատվամիջոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայում մահացել է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի (YPG) հրամանատարներից հայազգի Նուբար Օզանյանը, այս մասին հայտնում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը:
Լուրը նաև հաստատել են քրդական աղբյուրները: Մասնավորապես՝ rojevakurdistan.org կայքը գրում է, որ Օրհան Բաքըրջյան ծածկանունն օգտագործող մարտիկը մահացել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռոժավա քաղաքի մատույցներում:
Քրդական ու թուրքական աղբյուրները պնդում են, որ Օզանյանը ժամանակին մասնակցել է Արցախի ազատամարտին:
Օզանյանին «հայկական ծագմամբ ահաբեկիչ» անվանող թուրքական մամուլը նաև փաստում է, որ YPG հրամանատարը «Թուրքիայի կոմունիստական կուսակցության» առաջնորդներից էր, իսկ անցյալ տարի մասնակցել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի և «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման դեմ ինքնապաշտպանական մարտերին:
Հայտնի է նաև, որ Օզանյանը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ճամբարներում մարզել է տարբեր երկրներից ժամանած կամավոր մարտիկների: