ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում ԼՂ հակամարտության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրավիճակի կայունացման համար. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am/Ռուսաստանն անընդունելի է համարում հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և կոչ է անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով օրերս հակամարտության գոտում գրանցված լարվածության աճը:


«Մենք, բնականաբար, չենք կարող չմեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 4-ի երեկոյան զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի հերթական խախտումը, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և երեխաների շրջանում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին, անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար»,- ասել է Զախարովան:


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում «ընդգծվում է բռնությունը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը»:


Ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ  զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):


Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular