ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ չի կարելի ուտել տարբեր տեսակի դեղամիջոցներ ընդունելու դեպքում

ՖՈՏՈ

Շատերը կարծում են, որ առօրյայում օգտագործվող սննդամթերքն ու դեղամիջոցները միմյանց հետ ոչ մի կապ չունեն, սակայն իրականում կան միմյանց հետ բացարձակապես անհամատեղելի սննդամթերք ու դեղամիջոցներ:

 

Հարկ է հիշել, որ դեղամիջոցն ընդունելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն դրա չափաբաժինն ու ընդունման ժամը, այլև սննդակարգը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե որ դեղամիջոցի հետ ինչ մթերք չի կարելի օգտագործել:

 

Բրոնխները լայնացնող դեղամիջոցներ

 

Այս տիպի դեղամիջոցները նշանակվում են ասթմայի, բրոնխիտի և թոքերի հետ կապված այլ հիվանդությունների դեպքում:

 

Հարկ է հիշել, որ նման դեղամիջոցների ընդունման դեպքում պետք է սահմանափակել սուրճի և առհասարակ կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը: Սա պայմանավորված է նրանով, որ այս դեղամիջոցները, ինչպես և  կոֆեինը, գրգռում են նյարդային համակարգը:

 

Հատկապես հարկավոր է զգուշանալ թեոֆիլինի ընդունման ժամանակ, քանի որ կոֆեինն ուժեղացնում է դրա տոքսիկ ազդեցությունը: Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև ճարպոտ սննդամթերքից, քանի որ ճարպը նպաստում է թեոֆիլինի լավ յուրացմանը, ինչը կարող է հանգեցնել գերդոզավորման:

 

Զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ

 

Այս դեղամիջոցները, որոնց շարքին են դասվում կապտոպրիլը, էնալապրիլն ու ռամիպրիլը, նշանակվում են սրտի և երիկամների հիվանդությունների դեպքում ու դրանց ընդունման ժամանակ հարկավոր է խուսափել կալիումով հարուստ սննդամթերքից, ինչպիսին են բանանները, կարտոֆիլը, սոյան, սպանախը:

 

Բանն այն է, որ զարկերակային ճնշուն իջեցնող դեղամիջոցները բարձրացնում են օրգանիզմում կալիումի մակարդակը, իսկ կալիումի գերդոզավորումը կարող է հանգեցնել սրտի զարկերի ռիթիմի խանգարման և առաջացնել թթվածնի պակասի զգացողություն:

 

Առիթմիայի դեպքում նշանակվող դեղամիջոցներ

 

Նման դեղամիջոցները (օրինակ՝ դիգօքսին) նշանակվում են սրտային անբավարարության բուժման ու կանխարգելման համար: Այս դեպքում հարկավոր է խուսափել գլիցիրիզինաթթու պարունակող սննդամթերքից (օրինակ՝ մատուտակ), քանի որ դիգօքսինի հետ շփման մեջ մտնելու դեպքում այդ թթուն կարող է առաջացնել առիթմիա կամ նույնիսկ սրտի նոպա: Գլիցիրիզինաթթուն պարունակվում է քաղցրավենիքի որոշ տեսակների, ինչպես նաև գարեջրի բաղադրության մեջ:

 

Դիետիկ մանրաթելերը նույնպես կարող են ազդել այս դեղամիջոցի արդյունավետության վրա, ուստի այն հարկավոր է ընդունել ուտելուց երկու ժամ առաջ կամ երկու ժամ հետո: Բացի այդ, դիգօքսինի արդյունավետության վրա կարող են ազդել նաև որոշ դեղաբույսերը (օրինակ՝ սրոհունդը):

 

Արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ

 

Այս դեղամիջոցները (ատորվաստատին, ֆլուվաստատին, լովաստատին, սիմվաստատին, ռոզուվաստատին, պրավաստատին) նշանակվում են ճարպակալման, շաքարային դիաբետի և սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում:

 

Հարկ է հիշե, որ այս դեղամիջոցների հետ չի կարելի օգտագործել ցիտրուսային մրգեր, քանի որ դրանք նպաստում են դեղամիջոցի հեշտ յուրացմանը, ինչի հետևանքով կարող են առաջանալ կողմնակի բարդություններ և գերդոզավորում: Օրինակ՝ նման դեղահաբը նարնջի հյութով ընդունելու դեպքում այն կազդի ինչպես ջրով ընդունած ավելի մեծ չափաբաժինը:

 

Հակակոագուլյանտներ

 

Հակակոագուլյանտները (օրինակ՝ վարֆարին) կիրառվում են թրոմբոզի բուժման ու կանխարգելման համար: Նման դեղամիջոցներ ընդունելիս հարկավոր է խուսափել վիտամին K-վ հարուստ և արյունը ջրիկացնող սննդամթերքից:

 

Հակակոագուլյանտներն անհամատեղելի են հապալասի, սխտորի, կոճապղպեղի և որոշ համեմունքների (կայենյան պղպեղ, դարչին, քրքում) հետ: Բանն այն է, որ սննդամթերքի այդ տեսակներն իրենք են ազդում որպես հակակոագուլյանտ և վարֆարինի հետ համադրելու դեպքում կարող են դառնալ արյունահոսության պատճառ:

 

Նաև հարկավոր է խուսափել սպանախից, կաղամբից, բրոկոլիից և առհասարակ վիտամին K-ով հարուստ այլ մթերքից, քանի որ այս վիտամինը նվազեցնում է դեղամիջոցի արդյունավետությունը:

 

Անալգետիկներ (ցավազրկող դեղամիջոցներ)

 

Ցավազրկող դեղամիջոցները սովորաբար նշանակվում են բորբոքումների, մկանային ցավերի և գլխացավերի դեպքում: Այս դեղամիջոցների շարքին է դասվում շատ տարածված իբուպրոֆենը, որը, ինչպես և ցանկացած այլ անալգետիկ, չի կարելի ընդունել քաղցր գազավորված ըմպելիքով:

 

Իբուպրոֆենը անհամատեղելի է քաղցր գազավորված ըմպելիքների հետ, քանի որ դրանցում պարունակվուղ ածխաթթու գազն ու թթուն նպաստում են դեղամիջոցի հեշտ յուրացմանը, ինչի հետևանքով կարող է առաջանալ գերդոզավորում, իսկ այս ամենը խիստ բացասաբար կանդրադառնա երիկամների վրա:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular