ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում ակտիվիստները ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ներկը լցվել է Հեյդար Ալիևի հուշարձանի վրա կատարված գրությունը ծածկելու նպատակով: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ` արդեն 5 օր է տեղական լրագրողներն ու ակտիվիստները Վրաստանում ցույցեր են անցկացնում ի պաշտպանություն Թբիլիսիում առևանգված և գաղտնի Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլի:

Հիշեցնենք, որ Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն:

Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներեն:

Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքեր, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:

Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել երեքամսյա կալանքը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular