ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայում մեծ ոգևորությամբ են սպասում Տիգրան Համասյանի համերգին

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ համերգասրահ ու նախապես վաճառված տոմսեր. այսպես են Ավստրալիայում դիմավորում աշխարհահռչակ հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին, ով իր վերջին՝ «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակում հունիսի 4-ին ելույթ է ունենալու Սիդնեյում: Այս մասին գրում է theaustralian.com.au  կայքը: 

«Համասյանի «An Ancient Observer» կոչվող ալբոմը  շատ հայտնի սոլո դաշնամուրային նախագիծ է, որը թողարկվել է այս տարի»,- գրում է ավստալիական կայքը:

Աղբյուրը պատմելով Համասյանի երաժշտական համարձակ փորձարկումների մասին՝ գրում է, որ հայ կոմոզպիտորի հաջողությունը նրա բազմաժանր երաժշտությունն է. հայկական ֆոլկ, 1970-ականների ռոքի և ջազի, ֆանկի տարրերով:

«Տիգրան Համասյանին կարելի է համարձակորեն անվանել հայկական ժամանակակից աշուղ, նրա կոմպոզիցիաներն ունեն յուրահատուկ իմաստ և պատմում են կյանքի մասին»,- եզրափակել է theaustralian.com.au-ն:

Նշենք, որ «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակում մայիսի 7-ին և 8-ին Համասյանը ելույթ է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում:   «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայությունը կշարունակվեն մինչև 2018 թվականի վերջ:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան:  2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular