ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ՊՆ-ն բավականին ուշագրավ հաղորդագրություններ է տարածում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկու օր է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բավականին ուշագրավ հաղորդագրություններ է տարածում սահմանին տիրող վիճակի մասին: Մայիսի 30–ի հաղորդագրությունը նշում էր, որ իբր «հայկական կողմը գնդակոծել է ինչպես ԶՈՒ դիրքերը, այնպես էլ մի շարք բնակավայրեր»: Ու այս կապակցությամբ նրանք բացահայտ սպառնալիք, իսկ իրենց խոսքով, նախազգուշացում էին արել. «ՊՆ–ն նախազգուշացնում է, որ եթե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նման սադրանք կրկնվի, ապա Ադրբեջանի ԶՈՒ–ն, կիրառելով հրետանային համակարգեր, որոնք ի զորու են թիրախներ խոցել առավել մեծ հեռավորությունների վրա, կհրետակոծի հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող բնակավայրերը»: Այսինքն, Բաքուն բացահայտ սպառնում է: Ընդ որում, սպառնում է խաղաղ բնակչությանը:
Հաջորդ օրը՝ մայիսի 31–ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց ԶՈՒ դիրքերը գնդակոծության են ենթարկվել Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Կրասնոսելսկի շրջանների գյուղերում ու բարձունքներում տեղակայված հայկական հենակետերից: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն է գնդակոծել իրենց դիրքերը:
Այս հայտարարությունները կարող են ունենալ մի քանի թիրախ: Նախ, դրանցով հիմքեր են ստեղծում նրանց հետագա գործողությունների համար, ընդ որում, խաղաղ բնակչության դեմ գործողությունների համար, ինչից ադրբեջանական կողմը երբեք չի խորշել: Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 31–ի երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այսինքն, առավոտյան ասում են, որ իբր մերոնք Տավուշի մարզից իրենց դիրքերն են գնդակոծել, իսկ երեկոյան իրենք, որպես պատասխան, կրակ են բացում մեր բնակավայրի ուղղությամբ: Ու քանի որ իբր թե Հայաստանի կողմից է կրակը եղել, իրենք էլ հարվածում են Հայաստանի տարածքում գտնվող բնակավայրի:
Միով բանիվ, փորձում են «լեգիտիմացնել» թե բուն Հայաստանի ուղղությամբ, թե խաղաղ բնակչության նկատմամբ իրենց կրակը:
Երկրորդ: Բաքվի այս հայտարարությունները տեղի են ունենում քաղաքական բավականին ուշագրավ համապատկերում: Առաջիկա օրերին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց վերջին հայտարարությունից հետո, որտեղ անվանական մեղադրանք էր հնչեցվում Ադրբեջանի հասցեին, սա առաջին այցն ու հանդիպումն է լինելու հակամարտող կողմերի հետ: Այդ հայտարարությունը թե քաղաքական, թե ռազմական տեսանկյունից բավականին բացասական հետևանքներ ունեցավ Ադրբեջանի համար: Ռազմական առումով՝ միջազգային հանրությունը վետո կիրառեց ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի փորձերի նկատմամբ: Հարցը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքը Բաքվից խլվեց: Քաղաքական առումով: Բանակցային սեղանի շուրջ ուժերի դասավորվածության վրա դա հազիվ թե շատ ազդի: Ներկա տեխնոլոգիաների ու տեղեկատվական հոսքերի առկայության դեպքում դժվար թե միջնորդները չիմանան, թե ագրեսորը որ կողմն է, ով է նախահարձակ լինում: Այլ հարց է, որ քաղաքական շահեկանությունից ելնելով՝ այդ փաստերը կարող են կիրառվել կամ ոչ: Այդ հայտարարությունը Բաքվին զսպելու նպատակ ուներ, բայց բանակցային սեղանի շուրջ հազիվ թե վիճակ փոխի: Սակայն այն վիճակ է փոխում բուն Ադրբեջանի ներսում: Պատահական չէ, որ ադրբեջանական կայքերը համանախագահների այդ հայտարարությունը կրճատ տարբերակով էին ներկայացրել, ըստ ամենայնի կանխատեսելով սեփական հասարակության բացասական արձագանքը:
Ու հիմա, շփման գծից նման հաղորդագրություններ տարածելով, նրանք փորձում են ինչ–որ ձևով հավասարակշռել համանախագահների մայիսյան հայտարարությունը: Իբր, տեսեք՝ դուք մեզ համարեցիք նախահարձակ, բայց հայկական կողմը խաղաղ բնակչության է թիրախավորում: Քարոզչական վարժանքներում հմտացած Բաքուն փորձում է նոր խաղաթուղթ կիրառել և չեզոքացնել մայիսյան հայտարարության բացասական հետևանքները:
Վերջին մեկ–երկու ամսում ռուս–ադրբեջանական հարաբերություններում առաջացած փոքր, բայց լարվածությունն սկսում է աստիճանաբար թուլանալ: Այս օրերին ռուս–ադրբեջանական սահմանին ընթանում է երկու երկրների իրավապահ մարմինների համատեղ օպերացիա–գործողությունը՝ «Սահման–վահանը»: Ու ընդհանրապես, որքան մոտենա Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, այնքան ռուս–ադրբեջանական հարաբերությունները կջերմանան:
Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակը համարում է, որ նոր էջ է բացվում ադրբեջանա–ամերիկյան հարաբերություններում: Նման ենթադրություն ադրբեջանցի պաշտոնյան արել է Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթից, Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ Ալիևին ուղղված Թրամփի նամակից և «Caspian Gaz and Oil» ցուցահանդեսի բացման առթիվ Թրամփի ուղերձից:
Իսկ երեկ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ լավ կլինի, եթե Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի ԵՄ–ն: Հաշվի առնելով հայ–ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բարձր մակարդակը ու այն, որ ԵՄ–ն միայն Ֆրանսիա չէ, սա մեզ համար, իհարկե, դժվար թե ցանկալի լինի:
Մի խոսքով, սպասվում են նոր զարգացումներ: Որքանո՞վ ենք մենք պատրաստ դրանց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular