ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը կարող է ինքնասպանություն գործել. «168 ժամ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում դարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը: Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խումբը (գրեթե զուգահեռաբար՝ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը) իրերը կոչեց իրենց անուններով և առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու ռազմական ավանտյուրան սկսել է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ընդամենը հանդես է եկել պատասխանողի դիրքից: Չափազանցված չեն այն գնահատականները, որ սա միջազգային հանրության ապտակը կամ հարվածն էր Ադրբեջանին, որն ամեն ինչ անում էր ու անելու է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար:

Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է՝ որպես նախապայման բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը: Որքանով է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանով է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել: Կարևորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար: Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների: Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետևություններ անել և տեղափոխվել ռացիոնալ դաշտ:

Բացառված չէ, որ Ալիևն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով: Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular