ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես պետգույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ». վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր  ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն այցի ընթացքում ներկայացնելով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքները, նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց:

«Դա չափազանց կարևոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ և եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Կարեն Կարապետյանը։

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր զեկույցում ներկայացրել է, որ 2017 թվականին վաճառքի է հանվել լրացուցիչ 63 միավոր անշարժ գույք, որից 24-ն արդեն  մրցույթով օտարվել է, որի արժեքը կազմել է 236 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 63 միավոր անշարժ գույքի վաճառքից ակնկալվում է 600 մլն դրամ:  Զեկուցվել է նաև, որ մշակվել է 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է ներգրավել 35 մլրդ դրամ:

«Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ  ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարևորեք ձեր օղակը,  գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ», - ասել է գործադիրի ղեկավարը և պատասխանատուներին հանձնարարել գնահատել պետական գույքի ողջ ծավալը:

«Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ  մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում և այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular