Ռուսաստանը դատապարտում է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտության շփման գծում ադրբեջանական կողմից ռազմական օբյեկտի հրթիռակոծմանը և դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը:
«Ռուսաստանը՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը և կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա էսկալացիայի կանխարգելման համար», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը տեղյակ է, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը և մասնավորապես՝ ասել է. «Իսկապես, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի հակառակ կողմում տեղակայված ռազմական օբյեկտը: Համապատասխան կերպով արձագանքել է նաև մյուս կողմը», - հայտարարել է Զախարովան:
Մարիա Զախարովան նաև հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում դեռ չի սպասվում: