ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկություն ունեմ գոտեմարտել օլիմպիական քաշում. Վալոդյա Ֆրանգուլյան

ՍՊՈՐՏ

Հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկն եղել և մնում է ըմբշամարտը: Անկախ վերջին շրջանում ունեցած հաջողություններից և գուցե ձախողումներից ըմբշամարտի Հայաստանի ամենամասսայական մարզաձևից է: Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացավ «թարմացած» տեսքով և նվաճեց երեք մեդալ: Բրոնզե մեդալակիրներից մեկը հավաքականի անդամ Վալոդյա Ֆրանգուլյանն է: «Արմենպրես-ի հետ զրույցում Ֆրանգուլյանը խոսեց Եվրոպայի առաջնության, առաջիկա անելիքների, ինչպես նաև նորանշանակ մարզչի մասին:

-Ե՞րբ եք սկսել մարզվել ըմբշամարտով և ինչո՞ւ հենց այս մարզաձևով:

-Ըմբշամարտով սկսեցի մարզվել դեռևս 7 տարեկանում: Հայրս մարզվում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտով, և որոշված էր, որ ես էլ պետք է զբաղվեմ այս մարզաձևով: Սակայն հորս աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ չէր հարմարվում, որ ինձ տաներ մարզումների: Սակայն բակի տղաները մարզվում էին ազատ ոճի ըմբշամարտով, և նրանց հետ հաճախեցի մարզումներին:

-Եվրոպայի այս առաջնությունում ակնհայտ թարմ տեսքով ներկայացաք: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կարծում եմ` այս առաջնությանն ավելի ճիշտ էի նախապատրաստվել: Եկել էր նաև ժամանակը, որ մեծահասակների առաջնությունում ևս մեդալ նվաճեի: Անձամբ ինձ երկու տարի չէր հաջողվում մեդալ նվաճել, և արդեն ժամանակն էր: Կարծում եմ, նաև մի քիչ ուշացնում էի մեդալ նվաճելը:

-Վալոդյա, չեմ կարող չխոսել նոր մարզչի մասին: Ինչպիսի՞ մարզիչ էր քեզ համար Արայիկ Բաղդադյանը և ինչպիսի՞ն է Մկրտչյանը:

-Չէի ցանկանա համեմատել նրանց, քանի որ յուրաքանչյուր մարզիչ մարզումների իր մեթոդն ու մոտեցումն ունի: Ամեն մեկն իր չափով փորձում էր օգնել և փորձում է օգնել թիմին: Մկրտչյանն իր հետ հավաքական բերեց տրամադրվածություն: Մեզ ոգևորեց այն, որ նա Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն է: Եվ երբ դու գիտես, որ նա է քեզ հնարքներ ցույց տալիս, ավելի վստահ ես լինում:  

-Դուք պատրաստվում եք փոխել ձեր քաշային կարգը:

-Եթե անկեղծ` դեռևս չեմ մտածում այդ մասին: Ինձ համար կարևորը օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Հիմա նախապատրաստվում եմ հենց աշխարհի առաջնությանը և հենց դրանից հետո կհաստատվեն քաշային կարգերը: Ամեն դեպքում ցանկություն ունեմ գոտեմարտելու օլիմպիական քաշում:

-Դուք մրցագորգ եք դուրս գալիս դիմացինի թուլությունները հիշելո՞վ, թե սեփական ուժեղ կողմերին ապավինելով:

-Չեմ կարծում, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում թույլ կամ անպարտելի ըմբիշներ կան: Հիմա ըմբշամարտն այնպես է զարգացել, որ եվրոպացիները ևս լավ գոտեմարտեր են անցկացնում: Եվ ես էլ գորգ դուրս գալիս մտածում եմ, որ 50/50 հնարավորություն ունենք հաղթելու թե ես, թե մրցակիցս:

-Ունե՞ք, արդյոք, սիրելի հնարք, որ հաճախակի եք կիրառում:

-Սիրում եմ տարբեր դիրքերից գոտեմարտել:

-Ինչո՞վ եք զբաղվում ըմբշամարտից դուրս:

-Ըմբշամարտից դուրս սիրում եմ ակտիվ կյանքով ապրել: Շատ ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ, սիրում  եմ ֆիլմեր դիտել:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Մի ինչ-որ շրջան ես և թիմի մյուս անդամները մեր անձնական մարզիչների հետ կմարզվենք, իսկ հետո հավաքներ կունենանք Երևանում: Նախատեսում ենք նաև մասնակցել Թբիլիսիի Գրան պրիին, որի կազմը դեռևս հայտնի չէ:

- Փոխենք հարցերի բնույթը, մի քանի բլից հարցեր: Ֆուտբո՞լ, թե թենիս:

-Ֆուտբոլ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ… Սուրճ առհասարակ չեմ խմում:

-Պաղպաղա՞կ, թե պիցցա:

-Երկուսն էլ, բայց պաղպաղակ` մի քիչ շատ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ: 

-Սև՞, թե սպիտակ:

-Սպիտակ:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

 Լուսանկարը` Տաթև Դուրյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular