ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիս-վայիս. ժողովրդական սնահավատությու՞ն, թե՞... Պարզաբանում է քահանան

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է.

Մեր ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ մայիսին ամուսնանալ չի կարելի: Շատերը, տուրք տալով սնահավատությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: 

Մայիսին չամուսնանալու սնահավատությունը գալիս է հին հեթանոսական հավատալիքից, թե մայիսին ամուսնանում են երկինքն ու երկիրը՝ ի նշան ինչի բարեբեր անձրև է տեղում, և մարդիկ չպետք է նույն ժամանակահատվածում ամուսնանան: Չնայած, եթե կինը հարսանիքից առաջ երեք անգամ համբուրի փեսային, հնարավոր է, որ նրանք ապրեն երկար ու երջանիկ:

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանը վստահեցնում է՝ մայիսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը.

«Ժողովրդական «մայիս-վայիս» արտահայտությունը տատիկների հորինած շատ մեծ սխալ է: Մայիսը մի շրջան է, երբ Քրիստոսի հարության իրականությունով ենք ապրում՝ մինչև տիրոջ Համբարձում և Հոգեգալուստ: Սուրբ Զատկին հաջորդող 50 օրերը ուրախության օրեր են, հետևաբար, որևէ խնդիր չկա՝ չամուսնանալու, ընդհակառակը, ամուսնանալու հենց ճիշտ ժամանակն է»,- Past.am-ի հետ զրույցում նշեց քահանան:

Հարցին, թե արդյոք այս սնահավատությունը ժողովրդի միջից վերանալու առումով որևէ առաջընթաց կա, քահանան պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ, որոշակի փոփոխություն կա. կամաց-կամաց ժողովուրդը կսկսի ճիշտ քրիստոնեական ծիսակատարությամբ և խորհուրդներով շարժվել: Տեսեք, եկեղեցին պսակադրություն չի կատարում Մեծ Պահոց շրջանում, բայց հենց այդ ժամանակ, ցավ ի սիրտ, շատ զույգեր գալիս են՝ Աստծո օրհնությունն ստանալու: Եվ երբ մերժում ես, բացատրում ես, թե ինչի համար չի կարելի, մարդիկ կան, որ վիրավորված գնում են՝ մտածելով, որ ուզում ենք իրենց կյանքը բարդացնել:

Մեծ Պահքն այն շրջանն է, երբ պետք է լինել ապաշխարության մեջ, մտածել սեփական մեղքերի և դրանք քավելու ուղղությամբ, և Հարությունից հետո, արդեն նորոգված, կատարել բոլոր ուրախ առիթները»,- նշեց Տեր Սմբատը:

Մայիսից բացի, կան ամուսնության համար ոչ հարմար այլ ամիսների հետ կապված սնահավատություններ, որոնց մասին քչերը գիտեն: Այսպես, եթե զույգը ամուսնանա հունվարին, վաղ կայրիանա, մարտին՝ ամբողջ կյանքում ուրիշի կողքին կապրի, ապրիլին՝ փոփոխական երջանկություն կզգա, հոկտեմբերին՝ կյանքը դժվար ու ծանր կլինի:

Սնահավատություններ կան նաև ամուսնության համար անհաջող ամսաթվերի և եղանակների հետ կապված: Օրինակ՝ ձմռանն ամուսնացածներին սպասվում են գերծախսեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում ամուսնանալ չորեքշաբթի օրը:

Ամուսնացեք, երբ ուզում եք և հասկացեք, որ դժբախտության պատճառ կարող է դառնալ ոչ թե ամիսը, այլ Ձեր իսկ սնոտիապաշտությունը:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular