ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ կարգավիճակի շուրջ հանրաքվեի մասին խոսակցությունները` դիրքորոշումների ճշգրտո՞ւմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունը ԼՂ–ի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին առաջին հայացքից բավականին տարօրինակ էր: Օրերս նա, մասնավորապես, հայտարարել էր. «Երբ հակամարտության լուծման գործընթացը հասնի մի մակարդակի, որը կպահանջի հանրաքվե անցկացնել, այդ ժամանակ ադրբեջանցի ժողովուրդը կկարողանա դրան մասնակցել: Ադրբեջանի տարածքում համաժողովրդական քվեարկությունը կարող է անցկացվել միայն Ադրբեջանի Սահմանադրության պահանջների համաձայն: ԼՂ շուրջ հանրաքվեի այլ ծրագիր ես չեմ ընդունում, դրա համար հիմքեր չկան»:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նրան հիշեցրել էր, սակայն, որ ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ իրավաբանորեն պարտադիր հանրաքվեին պետք է մասնակցի միայն Ղարաբաղի բնակչությունը: «Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի Սահմանադրությանը հղումները միանգամայն անտեղին են: Ադրբեջանի Սահմանադրությունը որևէ կապ չունի ԼՂՀ–ի հետ, քանի որ Սահմանադրությունն ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Իսկ դրանով Ադրբեջանը ԼՂ–ն ճանաչել է որպես առնվազն հակամարտության կողմ»:

Փաստորեն ստացվում է, որ պաշտոնական Բաքուն խոսում է Լեռնային Ղարաբաղում նոր հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին այն դեպքում, երբ պաշտոնական մակարդակում իրադարձությունների նման ընթացքի համար, թվում է, հիմքեր չկան: Հետաքրքիր է, որ Երևանը, կրկին պաշտոնական մակարդակում, մանում է Բաքվի թելը և ներկայացնում իր տեսակետը: Հարց է առաջանում` իսկ ե՞րբ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, եթե դրա մասին խոսակցություններն արդեն նման բարձր մակարդակով են ընթանում: Արդյո՞ք այս հեռակա երկխոսությունը կարելի է համարել դիվանագիտական անդրկուլիսային տեղեկատվության արտահոսք: Իսկ գուցե գործընթացից առաջ կողմերը ճշգրտո՞ւմ են իրենց դիրքորոշումները և միմյանց մեսիջ ուղարկում:

Այս ամենի ֆոնին ուշագրավ էր նաև ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ելույթը Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնում` «Հայ–ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» խորագրով քննարկմանը: Հոգլանդի խոսքով` համապարփակ կարգավորումն ուրվագծված է, համաձայնության առանքը ՄԱԿ–ի Կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի համապատասխան փաստաթղթերն ու առանցքային սկզբունքներն են: «Սակայն առաջընթացն անշուշտ կախված է կողմերի բարի կամքից և քաղաքական կամքից, բայց նրանք դրան դեռ չեն հասել»:

Այս առումով Հոգլանդը կարևորել է նախագահների հանդիպում կազմակերպելը: «Մենք կցանկանայինք նախագահների նոր հանդիպում` որքան շուտ, այնքան լավ: Դեմ առ դեմ երկխոսությունն անփոխարինելի է»,– ասել է նա: Ի դեպ, հիշեցնենք, որ մարտի վերջին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ամերիկացի համանախագահը խոսել էր նախագահների հնարավոր հանդիպման մասին` նշելով, որ «մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում` հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»: Արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում կայացավ, բայց ահա նախագահների հանդիպման մասին առայժմ որևէ խոսք չկա:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հոգլանդը պատասխանատվությունը դնում է հակամարտող կողմերի վրա. «Դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է` լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով»: Այս հարցում համանախագահ երկրների կարծիքը միանշանակ է: Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նույնիսկ ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտորեն համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները չունեն որևէ բացասական ազդեցություն»:

Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նույնպես կարծում է, որ «եթե վրաց–օսական և վրաց–աբխազական հակամարտություններում Ռուսաստանի ու Արևմուտքի տեսակետները հակադրվում են միմյանց, ապա մենք դա չենք տեսնում ԼՂ հակամարտության դեպքում»: Հետխորհրդային տարածքում այն միակ կոնֆլիկտն է, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև համագործակցությունը չի դադարել: Իսկ դա նշանակում է, որ հակամարտության լուծումը դրվում է տարածաշրջանային հակամարտող կողմերի վրա:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular