ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ և Գայանե Հախնազարյանները հանդես կգան բարեգործական համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակահար Գայանե Հախնազարյանի մենահամերգը։ Ն. Հախնազարյանի ֆեյսբուքյան էջում գրել է, որ համերգի հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոն։

Համերգին ներկայացվելու է համաշխարհային պրեմիերա՝ Հայրապետյանի «Մենախոսություն» ստեղծագործությունը: Բարեգործական համերգի ծրագրում ներառված են նաև Բեթհովենի  «7 վարիացիաներ Մոցարտի թեմայով», Շումանի ֆանտաստիկական պիեսներ, Բաղդասարյանի  «Նոկտյուրն», Շոպենի «Նախանվագ և փայլուն պոլոնեզ», Մասնեի «Մտորում»,
Շոստակովիչի «Թավջութակի սոնատ» ստեղծագործությունները:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Նա 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար: Այսօր ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:

Պրոֆեսոր Գայանե Հախնազարյանը  համերգներ է ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Չինաստանում և այլ երկրներում: Նա հանդիսանում է ժամանակակից հայ կոմպոզիտորներից շատերի ստեղծագործությունների առաջին կատարողը: Նրա ուսանողները ելույթ են ունենում աշխարհի տարբեր բեմերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular