ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բորիս Հովսեփյանն ու իր քեռու որդին՝ Ռաֆայել Գաբրիելյանը 5 ամիս առաջ Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած աղետից հետո համարվում են անհետ կորած։ 

26-ամյա Բորիսը սիրելիի՝ Մարիամ Մանուկյանի հետ ամուսնացել էր Մարտակերտում, Արցախի շրջափակման օրերին։ Անհամբերությամբ սպասում էին երեխայի ծնունդին։ Մարիամը MediaHub-ին ասում է, որ Բորիսի ուրախությանը չափ չկար, երբ իմացավ, որ հայր պիտի դառնա։ 

Բորիսն աղջիկ էր ուզում, Մարիամը՝ տղա։ Անգամ որոշել էին անունները։

«Բորիսը երազում էր, որ առաջնեկն աղջիկ լինի։ Արդեն որոշել էր՝ աղջիկ ծնվելու դեպքում ինչ անուն է նրան տալու, բայց տղա երեխա ունենալու դեպքում մտածում էինք։ Մի օր նույնիսկ կատակով ասաց` «որ տղա լինի, իմ անունը կդնենք»»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Մարիամի խոսքով՝ իրենք համատեղ շատ երազանքներ ունեին։ Չնայած միասին ապրել են ընդամենը 4 ամիս, երջանիկ էին, ասում է՝ ուշադիր ամուսին էր։ 

«Բլոկադայի ժամանակ դժվարությունները շատ էր, հաղթահարում էինք միասին։ Ցավոք, այս պատերազմը և հետպատերազմյան դառն իրողությունները փոշիացրեց և՛ երջանկություն, և՛ երազանք»։

Սեպտեմբերյան ռազմական գործողություններից 5 օր անց, պաշարումից հետո սեպտեմբերի 23-ին ադրբեջանցիները բացեցին Մարտակերտը Ստեփանակերտին կապող միջշրջանային ճանապարհը։

Երիտասարդ ամուսինները նույնպես տեղափոխվել և մինչև Հայաստան տեղահանվելը մնացել են Բորիսի բարեկամի տանը։

«Ստեփանակերտում սպասել ենք, որ Բորիսի քեռու դիակը գտնենք, հետո նոր գնանք Հայաստան։ Նա զոհվել էր դիրքերում և ընտանիքի անդամներն ու հարազատները սպասում էին, որ դիրքերից իջեցնեն դիակը։ Այդ ժամանակ լուրեր տարածվեցին, որ Հայկազովում վառելիք են բաժանում։ Բորիսն ու Ռաֆոն էլ գնացին, չնայած մեր մեքենայում կար, բայց մեր մյուս հարազատների համար պետք էր։ Երեկոյան լսեցինք, որ պահեստում պայթյուն է եղել, հրդեհ է, զոհեր ու վիրավորներ կան»,- հիշում է Մարիամը։

Կատարվածից հետո աղետի վայրում ամբողջ գիշեր տղաներին փնտրել է Բորիսի եղբայրը, սակայն, ո՛չ այդ օրը, ո՛չ էլ մյուս օրերին տեղի ունեցած որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն։ Մինչ օրս Բորիսի ու Ռաֆայելի մասին տեղեկություններ չկան։ ԴՆԹ թեստով նույնականացումը չի համընկել։

Բորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց կինը ծննդաբերել է։ Մարիամը նրան հոր անունն է կնքել, ինչպեսև, թեկուզ հումորով՝ մի անգամ ասել էր Բորիսը։ 

«Ծննդաբերելուց առաջ երազիս եկավ։ Բառ չփոխանակեցինք, ոչինչ չասած, միայն զգում էի, որ նեղացած ինձ էր նայում։ Ես նրան սպասում եմ, ինչ էլ լինի սպասելու եմ։ Զգում եմ, որ ողջ է։ Հիմա, ամուսնուս հանդեպ ունեցած սերս արդեն կրկնակի տալիս եմ բալիկիս, որը շատ նման է իր հորը․․․ միայն թե ճակատագիրը նման չլինի»,- ասում է նա։

Մարիամն այժմ երեխայի հետ ապրում է իր ծնողների հետ Սևանում։ Ասում է՝ փոքրիկ Բորիսը այն լույսն է, որը նրան պիտի ապրեցնի, ուժ տա մեծ Բորիսի կորստով ապրող բոլոր հարազատներին։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular