ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականից գերեվարված, հետո գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ ծավալուն զեկույց էր հրապարակել «Թաթոյան» հիմնադրամի նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Զեկույցում գերեվարված տղաներից մեկը պատմել է․ «Թշնամու զինվորները մեզ անընդհատ ծեծում էին, կապել էին մեր ձեռքերն ու ոտքերը, չոքացրել գետնին, հարվածում էին անխնա, ջուր չէին տալիս, թքում էին մեզ վրա, հայհոյում էին, սառը ջուր էին լցնում մեր վրա և ստիպում, որ ամբողջ օրը սոված մնանք՝ այդ ցուրտ սենյակում»։

Որոշ դեպքերում խոսվում էր նաև արժանապատվությունը նվաստացնող այլ արարքների մասին։ Արդյո՞ք այս տեքստը նման չէ երեկ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի փաստաբանի նկարագրած խոշտանգման դրվագին։ «Երբ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս են եկել՝ ՁՊՎ մեկնելու համար, ընդամենը 1-1,5 րոպե հեռավարության վրա ոստիկանական մեքենան կանգնել է, և ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտնել են, որ կարիք ունեն բնական կարիքներ հոգալու, մեքենայից դուրս են եկել, ինչից հետո ամբողջությամբ սև հագած դիմակավորված անձինք (Սամվելը երեք հոգու է ֆիքսել-Վ․ Հ․) մեքենայից նրան դուրս են հանել՝ մի քանի մետր այն կողմ են տարել՝ խոտերի մեջ, նրան չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երևույթին՝ ճակատի ուռած մասը հենց դրանից է եղել։ Սկսել են ձեռքերով հարվածել։ Այդ ամբողջ ընթացքում «գործընթացն» ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքներով՝ վերջին խոսքերով։ Ընդ որում, ծեծողները Սամվելից պահանջել են, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Բնականաբար նա հրաժարվել է։ Թքել են վրան։ Այնուհետև նրան՝ չոքած վիճակում, ձեռքերը՝ հետևից շղթայված, տաբատը իջեցրել են՝ փայտը կամ դուբինկան ցուցադրական պահել են ոտքերի արանքում, ուրիշ գործողություն չեն արել, իհարկե, բայց պահել են ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել»,- այսպես է նկարագրել Սամվելին խոշտանգելն իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Ստացվում է՝ սեփական երկրում «հերոս հարկատուի» հետ կարելի է ավելի սարսափելի վարվել, քան հայ գերու հետ՝ թշնամի պետությունում, և դրա օժանդակողը, անմիջական մասնակիցը հենց պետության ներկայացուցիչն է։ Պատճառը շատ պարզ է՝ նա ազատ արտահայտել է իր միտքը, որի հետ իշխանությունը համաձայն չէ։ Սա հստակ մեսիջ է այն անձանց, ովքեր հետագայում փորձելու են ազատ արտահայտել իրենց կամքը, այլ կարծիք ունենալ։ Ոստիկանական բաժանմունքներում  նման դեպքերը բազմաթիվ են, բայց ոստիկանների ուղեկցությամբ և նրանց պաշտպանության տակ գտնվելու ընթացքում անձին խոշտանգելը վաղուց մոռացված արատավոր երևույթ է։

«Այստեղ 2-րդ կարծիք չի կարող լինել, քանի դեռ ծանրակշիռ ապացույցներով այլ բան չի հիմնավորվել։ Սա նախապես կազմակերպված է եղել, և ոստիկանների ներգրավմամբ է կազմակերպված եղել, և գալիս է շատ ավելի բարձր տեղերից։ Եթե նայենք այդ օրվա բոլոր իրադարձությունները՝ քաղաքական ուժի կողմից իրավապահ մարմինների ուղղորդումները, բռնության սպառնալիքները, այդ սպառնալքիների տիրաժավորումը կտեսնենք՝ դա ուղղված է վախի մթնոլորտ սերմանելուն, որ որևէ անձ հանրային վայրում այլևս չհամարձակվի պարսավանքի, քննադատության կամ որևէ այլ դիսկոմֆորտ առաջացնել իրենց քաղաքական թիմի անդամների մոտ»,- նման կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Խուդոյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից արարքը ծանր հանցագործություն է՝ կազմակերպված խմբի կողմից, անձին խոշտանգել են, ոստիկաններ են մասնակցել դեպքին, դա առանձնապես ծանր հանցագործութուն է և նախատեսում է մինչև 12 տարի ազատազարկում։ Բաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն, որ մինչ այժմ խոշտանգման մասով քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառելու առնչությամբ ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում։ Սա՝ հրապարակումներից մեկ օր, իսկ հաղորդում ներկայացնելուց ժամեր անց։ Այն դեպքում, երբ Սամվել Վարդանյանը ձերբակալվեց ԱԺ պատգամավորի հաղորդում տալուց մոտ երեք ժամ շուտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular