ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին` «Աստղիկ» ԲԿ-ում տեղի ունեցածի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարոն Ալեքսանյան, շատ հասկանալի պատճառով՝ մեկ շաբաթ ուշացած նամակ է: Ձեր հիվանդանոցի հետ գործ ունենալուց հետո հասկացա, թե ինչու վիճակագրությամբ ամենից շատ բռնության են ենթարկվում բժիշկները: Ո՞վ էր տեսել 42 շաբաթական հղիին 2 օր տանջեն, հաջորդ օրը հիվանդանոցից դուրս հանեն, մի ողջ օր ձգեն, հեռախոսով համոզելով, թե հերոսական աղջիկ ես, դիմացի, հետո միայն ուշագնաց, վերջին վայրկյաններին հասցնեն հիվանդանոց ու առանց որևէ նախապատրաստության կեսարյան հատում անեն: Ի՞նչ անուն տաս բժշկին, որը պատճառաբանելով, թե գինեկոլոգը հոգնած է ողջ գիշերվա ընթացքում, թող հանգստանա՝ քայլելու և մտածելու անընդունակ ծննդկանին դնում է մեքենայի մեջ և ամուսնուն համոզում տանել տուն` միջին հեռավորության գյուղ` սպասելու:

Պատճառաբանությամբ, որ քնի- հանգստանա, ուժ հավաքի: Կա՞ աշխարհում մեկը, որն այդ վիճակում կքնի: Ազնիվ կլիներ, որ ուղարկեր ուրիշ հիվանդանոց: Բայց ոչ, լավ բիզնեսմենի հիվանդանոցում հաճախորդ չեն կորցնում: Ակամա համեմատություն է ծնվում աշխարհի հետ, որտեղ հերթագրվում են` տիեզերք զբոսաշրջիկ մեկնելու համար, իսկ մեր աղջիկները անգրագետ ու սադիստ բժիշկների շնորհիվ երեխա են ունենում այնպիսի անմարդկային տառապանքով, ինչպես մեր նախատատերը` խոտհնձի ճանապարհին: Իհարկե, Սամվել Ալեքսանյանը Հիպոկրատին երդում չի տվել, և իբրև գործարար առաջնորդվում է քիչ բժիշկով առավելագույն շահույթ ստանալու տրամաբանությամբ: Սակայն եթե օղին, շաքարավազը, ալյուրը կամ թռչնամիսը կարող են վնասել գրպանին և առողջությանը, այս դեպքում կարող է կյանք արժենալ:

Մի խնայեք մարդկանց կյանքի գնով: Մեկ վիրաբույժը, թեկուզ ամենալավը կոնվեյեր (հարահոս) չէ, բժիշկը մարդ է, որը կարող է հոգնել, ձեռքը դողալ և այլն: Միայն բժիշկների սակավությամբ և ձեռքից հաճախորդ բաց չթողնելու հայի սովորությամբ է բացատրվում այն, ինչ կատարվեց: Փաստորեն հիվանդանոցը ոչ միայն եվրալաբիրինթոս հիշեցնող երկնաքերն է, ամենուր հնչող գովազդը, անգլերեն exit գրությունները, այլև առաջարկին բավարարող լավագույն բժիշկները: Բարեբախտաբար, լավ վիրաբույժի շնորհիվ ամեն ինչ լավ վերջաբան ունեցավ:

Ես մայր եմ, սա պատահեց իմ աղջկա ու մեր մեծ ընտանիքի հետ, և չէի կարող լռել: Իբրև լրագրող, թեկուզև պասիվ, չէի կարող չնախազգուշացնել Ձեզ` պարոն Ալեքսանյան և մյուս հայերին:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Հ.Գ. Տխուր նոտայով չավարտենք: Պարզվում, օրը 10 հազար պալատին վճարելուց հետո հիվանադապահը պիտի առձեռն վճարի ևս 5 հազար դրամ, գիշերը չոր աթոռին արթուն լուսացնելու համար: Գումարը հավաքողների բացատրությամբ` այսպես է տարիներով, և այդ թանկարժեք աթոռները 12-ը չեն, այլ` հարյուրավոր: Հանրապետության բոլոր ոլորտները շտկելու արշավին լծված Կարեն Կարապետյանի ուշադրությունն ենք հրավիրում նաև այս պուճուր ստվերի, շորթումի և աբսուրդի վրա:

aravot.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular