ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին հրապարակային անդրադառնալու և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից դժգոհելու համար։ Օրերս, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հերթական անգամ նշել է, թե «Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները»։ Նա ընդգծել է․ «Հայաստանը բաց է՝ փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»:

Ավելին, Փաշինյանը` խոսելով ՀԱՊԿ-ի հետ ունեցած խնդիրների մասին, շեշտել է, որ ՀԱՊԿ-ը` Երևանի գնահատմամբ չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Իսկ որպես հետևանք Փաշինյանը թվարկել է՝ Երևանն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ 2023-ի սեպտեմբերից ի վեր չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ, ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում, ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։ Ի դեպ, Դմիտրի Պեսկովն իր հերթին անդրադարձել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական որոշումներին ու հայտարարություններին՝ շեշտելով, որ կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն են, և գրեթե բոլորի հետ Մոսկվան ունի շատ զարգացած երկկողմ հարաբերություններ՝ բացառությամբ Վրաստանի ու Մոլդավայի։
Ըստ էության, ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Արևմուտքը Հարավային Կովկասում հաստատվելու տարբեր եղանակներ ու միջոցներ է  օգտագործում։ 44-օրյա-ից հետո, առաջին փուլում, խնդիրն էր ՌԴ-ին դուրս բերել կարգավորման գործընթացից՝ կազմակերպելով բանակցություններն Արևմուտքում։ Դրված այս խնդիրը մասամբ իրագործվեց ներգրավված բոլոր կողմերի ցանկությամբ, սակայն Արցախում Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատումից հետո արևմտյան հարթակն Ադրբեջանի կողմից մերժվեց, ուստի բանակցությունները կարծես տեղափոխվում են երկկողմ հարթակ` դատելով հանգամանքից, որ կողմերը փորձում են լուծումների գալ ուղիղ բանակցություններով։
Միանշանակ է, որ Արևմուտքը մեծ սիրով կցանկանար լինել բանակցային սեղանին, իսկ վերջում՝ ձևավորված փաստաթղթի ստորագրման միջնորդ, ինչպես նաև ապագայում որոշակի երաշխիքներ տրամադրող կողմ։ Այս սցենարը դեռ չի հաջողվում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է միայնակ բանակցել, ուստի հայկական կողմն Արևմուտքից որոշ երաշխիքներ ստանալու համար գործի է դնում այլ սցենար՝ օգտագործելով ՀԱՊԿ-ը լքելու և հայ-ռուսական հարաբերությունները փոխելու խաղաքարտը։ Նշված պարտիան սկսվեց Մյունխենի համաժողովից, որտեղ գերմանական կողմի կազմակերպած բանակցություններից արդեն պարզ էր դարձել, որ արևմտյան միջնորդությունն ապագա չունի ու հարկավոր է տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը հաստատելու մեկ այլ սցենար։ Եվ դա ՀԱՊԿ-ը լքելուն պատրաստվելն է ու դրա դիմաց` Արևմուտքից լուրջ աջակցություն ակնկալելը, քանի որ դա չհաջողվեց անել, այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրով», ավելին` այդ համաձայնագրի ստորագրման հարցում այսօր էլ խնդիրներ կան և ինչպես ցույց է տալիս դեպքերի հաջորդականությունը` դեռևս ունի անհասկանալի ապագա։
Ըստ ամենայնի` Արևմուտքի ընդհանուր տրամադրությունները հասկանալու նպատակով է ազդարարված եռակողմ՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը Բրյուսելում։ Նման կերպ Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ի և Իրանի մասով իր նպատակներին հասնել, սակայն արագ և իրական երաշխիքները բարդ են թվում։ Սա է նաև պատճառը, որ դիտարկվում է նաև չեզոք երկրի կարգավիճակը, սակայն ավելի հավանական է, որ Արևմուտքը փորձի խոստումներով արագացնել թե համաձայնագրի կնքումը, թե ՀՀ-ի հետ նոր հարաբերությունների ամրագրումը՝ ակնկալիքով, որ ՀՀ-ն դուրս կգա ինտեգրացիոն կառույցներից և կնվազեցնի ու կվերացնի ՌԴ ցանկացած ոլորտի ներկայություն ՀՀ-ում։ Սա է պատճառը, որ ակտիվորեն խոսվում է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարի, ՀՀ անվտանգության ոլորտում ռեսուրսի դեֆիցիտի մասին։
Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular