ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Ավանեսյանի նոր «ռեֆորմը»՝ պատուհաս քաղաքացիների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ մարտի 1-ից անցում է կատարվել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին: Այս որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի, որից 75-ը՝ կենտրոնացված գնումներով: 2025 թվականի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնի էլեկտրոնային տեղատոմսի համակարգ: Որոշ տեղեկություններով՝ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական բարեփոխումն իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ 

Նախ՝ միջին վիճակագրական բժշկական կենտրոնը որեւէ ամբուլատոր ծառայություն մատուցելիս այցելուի տվյալներն «Արմեդ» համակարգում լրացնելիս եւ նրան գրանցելիս գումար է վճարում։ Հետո եթե նրա համար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրում՝ դա էլ իր հերթին առանձին վճար է ենթադրում: Սակայն, սա դեռ հարցի մի կողմն է: «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով, տեխնիկական խոտաններով և մարդիկ պարզապես չեն կարողանում ձեռք բերել անհրաժեշտ դեղերը, ինչը հասկանալի է, որ դժվար թե դրական անդրադառնա նրանց առողջության վրա: Կոնկրետ էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաեւ հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգում ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել։  Այս ամենը իրավաբան նախարարը, կարծես թե, հաշվի չի առել, կարևորը ռեֆորմի իմիտացիա անելն էր: 

Չենք խոսում այն մասին, թե ինչ հերթեր են այսուհետ գոյանալու պոլիկլինիկաներում, երբ Անահիտ Ավանեսյանի թեթև ձեռքով մարդիկ ստիպված լինեն ժամերով բժշկի դռան առջև հերթ կանգնեն՝ դեղատոմս ստանալու նպատակով: Իսկ ով ի վիճակի չլինի անցնել նման տառապանքների միջով, թերևս ստիպված է լինելու 10 հազար դրամ վճարել մասնավոր ԲԿ-ում, ասենք՝ 150 դրամանոց դեղի դեղատոմս ստանալու և այն գնելու համար: Ինչպես երևում է՝ Անահիտ Ավանեսյանը գլխովին լծվել է առողջապահության համակարգը վերջնականապես ձախողելու և քաղաքացիների՝ առանց այդ էլ անտանելի կյանքն էլի ավելի ծանր և դաժան դարձնելու գործին: Այլ կերպ նրա ռեֆորմների տրամաբանությունը հասկանալ հնարավոր չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular