ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեճեր ՀՀԿ-ի չընտրված թեկնածուի ու Բասենի բնակիչների միջև. «Կամ ընտրակաշառքս եք հետ տալիս, կամ գույք եմ տանում ձեր տնից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզի Բասեն գյուղից ստացած տեղեկությունների համաձայն, պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը։

Այստեղ ևս, ինչպես և Գյումրու Անի թաղամասում, թեկնածուի շտաբի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, տնետուն ընկնում ու հետ են պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամը։

Եվ երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազար դրամի դիմաց գույք տանել տնից։ Բանն այն է, որ բասենցիների ընտանիքի անդամները թվով բավական շատ են, կան ընտանիքներ, որոնք 60-70 հազար դրամ են վերցրել ու խաբել թեկնածուին։

Մենք այս խոսակցությունների իրական լինելը պարզելու նպատակով զանգահարեցինք Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանին։ Մեր հարցին, թե ի՞նչ է կատարվում Բասենում, ի՞նչ վիճաբանություններ են բնակիչների հետ ընտրակաշառքը վերադարձնելու թեմայով, գյուղապետն ասաց, որ այդ պատմություններից տեղյակ չէ։

Գյուղապետը նաև կատակեց՝ ասելով. «Ձեզ ահազանգողին մի հատ հարցնեիք, թե վերցնելուց, որ վերցնում էիր, հետ տալուց ինչի՞ չես տալիս։ Ինչի՞ էին վերցնում, որ հիմա էլ կրակն ընկնեն, ես որ չվերցրեցի, մեռա՞։ Թեև նորից եմ կրկնում, ես տեղյակ չեմ ձեր ասած պատմություններից, վիճաբանություններից։ Ես էնքան զբաղված եմ, բան ու գործ չունեմ՝ իրենց հարցերով պիտի զբաղվե՞մ»։

Գյուղապետն ասաց, որ գյուղը 1300 ընտրող ունի, բայց հազիվ 816-ն են մասնակցում ընտրություններին։ Ըստ նրա, գյուղացիները, ինչպես և ամբողջ Շիրակի մարզում, վարկանիշային թեկնածուներից նախապատվությունը տվել են Արման Սահակյանին։ Վերջինս մոտ 170 ձայն է հավաքել։ «Մի անգամ քարոզարշավի չեն գալիս ախր, թեև ասեմ, որ խարդախություն չի եղել, ոչ մեկը չի կարող ասել, թե ընտրությունները մաքուր չեն անցել, ժողովուրդը ինքն է ուզել, թող իր ճակատագրին տեր կանգնի»,- ասաց գյուղապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular