ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


85%–ը համոզված է, որ ընտրություններն ընթանալու են խախտումներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լատվիայից Հայաստան ժամանած սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մինդուս Կասլապինսկասը, ով տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում և ուսումնասիրում ընտրողների տրամադրությունները, մարտի 8–ից 17–ը սոցհարցում է իրականացրել նաև Հայաստանի ողջ տարածքում և մայրաքաղաք Երևանում:

Ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացված հարցման ժամանակ նա կարողացել է հասկանալ, որ Հայաստանն ու Թաիլանդը բավականին նմանություն ունեն, քանի որ երկու վայրերում էլ ինքը չի կարողացել ուսումնասիրել նախընտրական քարոզչական պաստառները:

Սակայն, պարզվում է, որ դա ամենևին էլ նրան չի խանգարել, որ հարցման արդյունքների վերլուծությունից հասկանա, որ հայերն ընտրություններից հիասթափված են, իսկ իրավիճակը երկրում պղպջակներով լի է ու թեժ:

Ի դեպ հարցման արդյունքների համաձայն, հարցվածներից 6–ից 5–ը դժգոհ է եղել ներկա իրավիճակից, 4–ից 3–ն ասել է, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակը վատացել է, 5–ից 4–ը չի հավատում իշխանություններին, իսկ 10–ից 9–ը ցանկանում է, որ երկրում ամեն ինչ փոխվի:

«Դա նշանակում է, որ բավականին մեծ է դժգոհությունը գործող իշխանություններից: Այսինքն իրականում հոռետեսական վերաբերմունք կա նրանց հանդեպ»,– ասաց անկախ սոցիոլոգը:

«Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ թեև ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան Եվրոպայի երկրներում, սակայն դեռևս նրան չի հաջողվել Ադրբեջանում նման հարցում անց կացնել: Այդ պատճառով որևէ պատկերացում նա չուներ, թե համապետական ընտրությունների և առավել ևս իշխանությունների հանդեպ ինչպիսի տրամադրություններ կան Ադրբեջանում և տեղի ընտրողների կարծիքով երկրում առկա անարդարության մթնոլորտն ինչ մակարդակի վրա է: Անկեղծ ասած՝ զարմանալի չէ, որ իրեն դեմոկրատական հռչակած Ադրբեջանում, որտեղ ողջ երկիրը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից, նման անկախ փորձագետին չէր էլ թույլատրվի ազատ տեղաշարժվել, էլ չենք ասում ընտրողների շրջանում ուսումնասիրություններ իրականացնելու մասին: Իսկ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես Բելառուսում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Մոլդովայում կատարված ուսումնասիրությունների արդյունքների համեմատությունը փորձագետին թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ Հայաստանում հասարակության շրջանում առկա ամենամեծ խնդիրը սոցիալ–տնտեսական հարցերն են:

«Հայաստանյան իրականությունը համեմատելով մյուս երկրների հետ, կարող եմ ասել, որ տնտեսական խնդիրներն այստեղ բավականին սրված են: Հարցման ժամանակ կային նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են՝ անվտանգության, Ղարաբաղի, եղեռնի հետ կապված հարցերը, սակայն հարցվածներն ամենաշատը դժգոհում էին սոցիալ–տնտեսական իրավիճակից: Օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում կամ օրինակ՝ փոքր երկրներից Մոլդովայում, Լիտվայում կամ Բելառուսում տնտեսական հարցերն այդքան սուր չեն դրված և մարդկանց ամենաշատը հետաքրքրում են աշխարհաքաղաքական հարցերը»,– ասաց փորձագետը:

Մինդուս Կասլապինսկասը նաև նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում սոցիալական արդարության մակարդակի ուսումնասիրություն թեև չի իրականացրել, բայց հարցման արդյունքներով 90 տոկոսը բավարարված չեն իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ այստեղ կա նաև անարդարության բարձր տոկոս:

«Նման երկրներում աճում է արտագաղթը, քանի որ երկրի ապագայի վերաբերյալ հույսն է բացակայում: Եվ այս հետազոտության շրջանակներում մենք թեև կոնկրետ չենք հետազոտել նախընտրական վարքի և սոցիալական արդարության միջև առկա կապը, սակայն մյուս ցուցանիշների արդյունքները հուշում են այն մասին, որ այդ ոլորտում կարծես թե առաջընթաց չկա»,– ասաց փորձագետը:

Ի դեպ, ուսումնասիրության արդյունքների համաձայն հարցվածների 63%–ը կարծում է, որ ընտրությունների ժամանակ խնդիրներ կլինեն, իսկ 85%–ը համոզված է, որ ընտրություններն ընթանալու են խախտումներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular