ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզում առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում, եթե… Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքի վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը մինչ քարոզարշավի սկսվելը հայտարարել էր, որ իր ակտիվիստներին ապակողմնորոշելու ու ճնշելու փորձեր են արվում: Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց պատգամավորի թեկնածուն, մինչ օրս իշխանական կլանի՝ Տավուշի մարզի տարածքային տարբեր ներկայացուցիչներ գործի դնելով հնարավոր բոլոր լծակները շարունակում են ապաշնորհ քաղաքականություն վարել:

«Մի քանի մանր-մունր սրիկաներ մեր ընտրողներին հրավիրում են իրենց գերատեսչություններ ու պահանջում ընտրել Հանրապետական կուսակցությանը կամ ՀՀԿ որեւէ թեկնածուի: Մինչ օրս այդ մարդկանց մի քանի անգամ տարբեր եղանակներով զգուշացրել եմ, որ քաղաքական դաշտում խոտ չարածեն ու իրենց նորմալ պահեն, քանի որ սա իրենց պապայի բոստանը չէ: Բայց ոնց նկատում եմ, որոշ հաստագլուխներ չեն հասկանում, ու շուտով Տավուշի մարզում այս գործընթացի շարունակության դեպքում պաշտոնանկություններ են սպասվելու»,- ասաց Վարուժան Բաբաջանյանը՝ հավելելով. «Իմ կողմից արդեն իսկ չորս գերատեսչություն համապատասխան զանգեր ու գրություններ է ստացել՝ տոտալ ճնշումների հետ կապված: Եղել են նաեւ հրապարակումներ լրատվամիջոցներով: Ըստ էության, այդ մարդիկ այս գործընթացն իրենց ախոռի խոտով են հաշվարկել, ու, ցավոք, մեր հնարավորությունները չեն հաշվարկում»:

Վարուժան Բաբաջանյանը չի պատրաստվում հանդուրժել ստեղծված իրավիճակը, նա խոստանում է համարժեք պատասխան տալ իր դեմ գործող ցանկացած անձի:

«Ես խոսք եմ տալիս բոլորին մեկ առ մեկ պատժել, միանշանակ իրենք աշխատանքից ազատվելու են՝ նույնիսկ մինչեւ ընտրությունները: Կապ չունի ես կդառնամ պատգամավոր, թե ոչ, միեւնույնն է, անգամ ընտրությունից հետո թույլ չեմ տա որեւէ մակարդակի սրիկայի իմ որեւէ ընտրողի մազին կպնել: Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ սա իմ վերջին զգուշացումն է: Եթե սա տոտալ բնույթ չի կրում ու եթե սա հրահանգված չէ համապատասխան մարմինների կողմից՝ հենց հիմա ձեր արջուկների ծառայությունները դադարեցրեք, հակառակ պարագայում հակահարվածն անխուսափելի է լինելու, ուժի դեմ ուժ եք ստանալու, որից հետո բազմաթիվ մարդիկ ուղղակի գործազուրկ են դառնալու, դա ես խոստանում եմ: Իմ ընտրազանգվածին շեղելու փորձեր անողները իմ ուժը լավ գիտեն ու գիտակցում են, որ շատ արագ կդառնան գործազուրկ»,- ասաց նա:

Թեկնածուն ընդգծեց, որ պայքարի միջոցները հասել են այն մակարդակի, որ անգամ գալիս ու նկարահանում են այն մարդկանց մեքենաները, ովքեր այցելում են իր շտաբ. «Ինչ քարոզարշավը սկսել է, ես ամեն օր ստանում եմ ահազանգեր այն մասին, որ մեր այս կամ այն ակտիվիստին հրավիրել են իրենց գերատեսչություն: Նկատենք, որ նրանք ավելի շատ անհատական մոտեցում են ցուցաբերում. գնում ու նկարահանում են իմ նախընտրական շտաբերի մոտ կանգնած մեքենաները՝ ցանկանալով տեղեկանալ, թե ովքեր են ինձ մոտ գալիս ու ովքեր են աշխատանքներ կատարում: Նրանք տվյալները ներկայացնում են իրենց հրահանգ տվող մի քանի հաստագլուխների, որոնք, ըստ երեւույթին, չեն հասկանում, որ իրենք կրակի հետ են խաղում ու այդ կրակը հիմա իրենց վառելու է: Ահազանգեր եմ ստանում Նոյեմբերյանից, Իջեւանից, Դիլիջանից եւ այլ տարածքներից: Ըստ էության, շատ դեպքերում խուսափում են իմ ակտիվիստներին իրենց մոտ հավիրել ու զրուցել այն անձանց հետ, ովքեր ինձ ճանաչում են, իսկ եթե մի քանի մանր-մունր պաշտոնյաներ ցանկանում են ինձ ավելի մոտիկից ճանաչել՝ ես իրենց այդ հնարավորությունը կընձեռեմ ու ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- եզրափակեց Վարուժան Բաբաջանյանը:

Սոսե Չանդոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular