ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական ժամանակ». Մոսկվան և Երևանը «ռազբորկաների» մեջ են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներ`«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը: 

Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են «Գրիբոյեդով» ակումբում կարևոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարևոր հյուրեր են գալիս, և սկսում են պարզաբանումներ մտցնել հարաբերություններում: Երեկ Սոլովյովն ու Կիսելյովը բացատրել են, օրինակ, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Բավական տարօրինակ մտքեր են արտահայտվել, ինչպես այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, որպեսզի դրա դիմաց ստացած փողով նոր զենքեր արտադրի և ձրի մատակարարի Հայաստանին:

«Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա»,- երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ ասել է Կիսելյովը: Կիսելյովն իհարկե լուրջ մարդ է, նրան բոլորը հարգում են, բայց արժե՞ր Մոսկվայից հասնել Երևան ասելու համար, որ Ադրբեջանին հիմարացնում են և ստիպում ֆինանսավորել ՌԴ-ից Հայաստանի զենքի մատակարարումը:

Նրա գործընկերը`Վլադիմիր Սոլովյովը, էլ ավելի տարօրինակ միտք է հայտնել: «Ընկերություն անելու համար Ռուսաստանն ամենաթեթև գործընկերը չէ, բայց նա միշտ օգնության կգնա և միշտ կփրկի»,- ասել է նա:

Սոլովյովը, թերևս, նկատի ունի այն իրավիճակը, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ավելի լավ է ընկերություն անում, կանաչ լույս է վառում, որպեսզի Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով տարածքներ վերադարձնել, բայց երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, օգնության է հասնում և փրկում: Իհարկե հարց է առաջանում` ում է փրկում և ինչից, բայց չարժե դրա մեջ խորանալ:

Սոլովյովը նաև վրդովմունք է հայտնել, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը մատը մատին չի տալիս և ամեն ինչ թողել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների լավ հարաբերությունների հույսին: «Ո՞վ է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Դուք նրան գիտե՞ք...Հասկանալի է, որ ՌԴ և ՀՀ նախագահների միջև լավ հարաբերություններ կան, շատ լավ հարաբերություններ, բայց մյուսներն ո՞ւր են...Ռուսաստանը գործի կդնի իր դաշնակցային հարաբերությունները, կօգնի, բայց չի կարելի ամեն ինչ ինքնահոսի թողնել, ասել, թե արեք մի բան»,- ասուլիսում ասել է նա:

Չգիտենք, ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, բայց որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները շատ լավ հարաբերությունների մեջ են, կարևոր տեղեկություն էր:

Ռուսաստանցի բարեկամների համար շարունակում է չափազանց ցավոտ լինել Հայաստանում ռուսաց լեզվի խնդիրը: Այս անգամ նույնպես նրանք խոսել են դրա մասին: Դմիտրի Կիսելյովը հիշել է իր նախորդ այցի ժամանակ տաքսու վարորդի հետ դեպքը, երբ վերջինս չէր կարողացել ռուսերեն հաշիվն ասել, ինչը Կիսելյովին խիստ զայրացրել էր: «Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Կիսելյովը:

Վլադիմիր Սոլովյովը հնարավոր նոր աղմուկը կանխելու համար հակադարձել է, որ եթե երիտասարդը չի խոսում ռուսերեն, դա իրենց մեղավորությունն է: «Ավելի լավ են խոսում, քան մենք հայերեն, ինչի համար շնորհակալություն նրանց: Նրանք պարտավոր չեն խոսել ռուսերեն: Ամեն ինչ լինում է: Մարդիկ կատարյալ չեն: Գուցե մեկ տաքսու վարորդը վատ տրամադրություն է ունեցել: Պետք չէ եղածը ընդհանրացնել ողջ հայ ժողովրդի համար»,- ասել է նա: Փաստորեն հայ ժողովրդին կատարյալ լինելու և ապագա ունենալու համար պետք է ռուսերեն լավ խոսել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular