ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տյառնընդառաջ. տոնի խորհուրդը՝ քահանայի մեկնաբանությամբ

ՎԻԴԵՈ

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու ոչ շարժական տոներից է։

«Տյառնընդառաջը հիշատակն է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տոնը հաստատվել է Սուրբ Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տյառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին»,- Past.am-ի հետ զրույցում պատմում է Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանը:

««Ըստ Մովսեսական օրենքի՝ կինը զավակ ունենալուց հետո համարվում էր անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր: Այդ օրերը լրանալուց հետո, նորածնի ծնողները գնում էին տաճար՝ մաքրվելու և նորածնին Տիրոջը ընծայելու համար: Եվ երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` Հիսուսին Երուսաղեմ տարան` Տիրոջը ընծայելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում: Երուսաղեմի տաճարի արևելյան դուռը Աստծո հրամանով փակվել էր և պետք է բացվեր միայն Փրկչի առաջ: Այդպես էլ եղավ: Երբ մանուկ Հիսուսին Մարիամն ու Հովսեփը բերեցին տաճար, արեւելյան կողմի՝ նախկինում չբացված դուռը ուժեղ դղրդյունով բացվեց: Դռան դղրդյունի ձայնից քաղաքի բնակիչները դուրս վազեցին իրենց տներից, և քանի որ արդեն մութ էր, վառվող ջահերով եկան տաճար՝ Տիրոջն ընդառաջ, տեսնելու համար Եկողին և միմյանց ձայն տալով՝ ասում են. «Տերը անցավ այս դռնով»: Մտնելով տաճար՝ տեսնում են Հովսեփին ու Մարիամին՝ մանուկ Հիսուսին գրկած»:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Հարցին, թե ինչ է մտածում տարածված այն կարծիքի մասին՝ իբր տոնին կրակ վառելը հեթանոսական ժամանակներից մնացած սովորություն է, քահանան պարզաբանեց.

«Նախատոնակն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Իսկ թե ինչու է տոնի նախօրեին խարույկ վառվում, որի շուրջը խմբվում է հավատացյալ ժողովուրդը Սբ Եփրեմ Ասորին էլ Տեառնընդառաջին նվիրված ճառում գրում է. «Ջահերն ու խարույկները ունեն հետևյալ պատճառները: Նախ որովհետև հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու: Նաև, վրայից թռչելով, այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, ով քառասուն օրական եկավ տաճար: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը»:

Քահանայի խոսքով՝ այս տոնը հայերիս համար համաժողովրդական է: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր.
«Տյառնընդառաջին մեր եկեղեցիների Սուրբ խորաններից Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամն ենք փոխանցում մարդկանց, իսկ նորապսակներին օրհնելով՝ խնդրում ենք Տիրոջը, որ երանությունն ունենան զավակ ունենալու ու տաճարին ընծայելու: Խնդրում ենք Տիրոջը, որ միշտ պաշտպան և ապավեն լինի նրանց, պահի խաղաղ և սիրով միացած, սրբությամբ և աստվածապաշտությամբ»:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular