ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի պաշտպանվել, պետք է հարձակվել, հաղթանակը հարձակման մեջ է. Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

nyut.am-ը գրում է.

«Արցախն անցել է որպես պետություն ճանաչվելու սահմանված բոլոր փուլերը, բայց դեռևս ճանաչում չի ստացել միջազգային կառույցների կամ պետությունների կողմից: Ես զինվորական մարդ եմ, այդ հարցի մեջ չեմ խորանում, մասնագիտական կարծիք չունեմ, թող դրանով իրավասու մարդիկ զբաղվեն, բայց իմ կարծիքը հստակ է` ես գտնում եմ, որ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն պետք է լինեն: Մենք բոլորս հայ ենք, իրար կողքի ենք ապրում, մեր միջև սահմաններ չպետք է լինեն. մեզ երկու նախագահ, երկու վարչապետ, չորս կամ չորս հարյուր հատ մեքենա պետք չէ»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Ա. Տեր-Թադևոսյանի խոսքով, մեր թուլությունն այն է, որ մոռացել էինք, որ թշնամի ունենք և մեր պարտականություններով չէինք զբաղվում, և խոսքը ոչ թե բանակի, այլ ժողովրդի մասին է: Գեներալ-մայորը շեշտեց, որ, եթե օրինակ, սովորած լինեինք 2011-ին Ալ Քաիդայի կողմից հրատարակված ԱԹՍ-ներից պաշտպանվելու 22 միջոցներից գոնե կեսը, ապա դրանց պատճառով 6-7 զոհ չէինք տա:

«Հիմա շատ գործ կա անելու, թերություններ էլ կան, բայց այս պահին ոչ թե պետք է նստենք, թերությունները գտնենք, այլ ամեն մեկս մեր գործը լավ անենք»,- ասաց Կոմանդոսը` տեղեկացնելով, որ իր կոչին հետևելով` շատ պաշտոնաթող գեներալներ և ռազմական փորձագետներ են ժամանել Հայաստան, որոնց հետ միասին փորձելու են օգտակար գործ անել բանակի, պետության համար:

Նա չցանկացավ մանրամասնել, թե քանիսն են արձագանքել իր կոչին և գործընթացն ինչ փուլում է գտնվում, միայն ասաց, որ չափից դուրս շատ մարդ է ուզում օգտակար լինել ընդհանուր գործին. «Մեզ համար այս ամենը շոու չէ: Պետք է մոտ ժամանակներս պետական մարմինների հետ հանդիպենք, քննարկենք ծրագրերը, և միասնական ուժերով ճիշտ և օգտակար քայլեր անենք»,- շեշտեց նա:

Կոմանդոսը չի ընդունում այն միտքը, որ մենք փայլուն հաղթանակ ենք տարել ապրիլյան պատերազմում. ճիշտ է, կանգնեցրել ենք թշնամուն, ձախողել ենք նրա պլանները, բայց դա դեռ բավարար չէ:

«Մենք վերլուծել ենք սխալները, դասեր ենք քաղել և հիմա արդեն պատրաստ ենք հարձակման. պետք է կոտրենք նրանց և առաջ գնանք: Սիրում ենք ասել` նժդեհական ենք, խելոք ազգ ենք, բայց միշտ մի բան մոռանում ենք` ուժն է ծնում իրավունք»,- ասաց նա և, անդրադառնալով այն խոսակցություններին, որ զինվորականների մոտ դժգոհություն կա, որ քաղաքական վերնախավը կրակի դադարեցման մասին որոշում կայացրեց, նշեց. «Ես եղել եմ Ղարաբաղում, այնտեղ տարբեր կարծիքներ կան: Ես մի բան գիտեմ` չի կարելի պաշտպանվել, պետք է հարձակվել. հաղթանակը հարձակման մեջ է»:

Կոմանդոսը համոզված է, որ թուրքերին հիմնական պատասխանը տվել են առաջնագծում կանգնած զինվորները, որոնք ոչ միայն բանակում են կռվել սովորել, այլև այդ գիտելիքը ստացել են իրենց հաղթանակած հայրերի ու պապերի դաստիարակության միջոցով. «Մեր այդ տղաների շնորհիվ է, որ թուրքերը չկարողացան իրենց ծրագիրն իրագործել, իսկ նրանք ուզում էին արագ հարձակման միջոցով կոտրել մեզ` հիմք ընդունելով այն տեսակետը, որ հարձակվողը սովորաբար մեծ հաղթանակ է տանում, սակայն մեր տղաների ճիշտ գործողությունների շնորհիվ Ադրբեջանը ոչ մի հաղթանակ էլ չունեցավ»,- ասաց նա` հավելելով, որ պետք չէ մոռանալ, որ թշնամին լավ սովորեցնողներ ունի, լավ զենք է տալիս իր զինվորին, և պետք է միշտ պատրաստ լինել և պատրաստ լինել ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու. «Նրանք կարծում են` հայերը չեն կրակելու իրենց վրա, բայց եթե քեզ խփում են, պետք է նույն կերպ պատասխանել»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են կանգնած, Ա. Տեր-Թադևոսյանն ասաց, որ այդ հարցում մեղադրում է այն մարդկանց, որոնք կարծում են, որ իրենց երեխաներն ավելի տաղանդավոր են և արժանի են մեքենա վարելու միայն:

Անի Ռափյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular