ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ ավելացել, և ինչպես կարելի է կանխել դա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21-րդ դարում ամուսնալուծությունների թիվը գնալով ավելանում է: Դավաճանությո՞ւն, ֆինանսական խնդիրնե՞ր, սեփական «ես»-ի ոտնահարո՞ ւմ, արտագնա աշխատա՞նք, գեղեցիկ հարսանեկան արարողություն ունենալու երազա՞նք, թե՞ … Այս և այլ հարցերի շուրջ Asekose.am-ը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի  հետ:

«Այո, ամուսնալուծությունների թիվն այսօր ավելացել է և կարծես օր օրի ավելանում է: Պատճառները տարբեր են, բայց նախևառաջ պետք է ասեմ, որ այսօր ամուսնալուծության են դիմում տարբեր տարիքային խմբերի զույգեր: Մի դեպքում, եթե զույգի ամուսնալուծությունը կարելի է դիտարկել որպես թյուր ընտրության արդյունք, ապա մյուս դեպքում այդ քայլին դիմում են նաև տարիներ շարունակ ամուսնական կյանք վարած մարդիկ: Մեկ այլ դիտարկում` երբ առաջ մարզերում ապրող մարդիկ խուսափում էին ամուսնալուծության դիմելուց և այդ քայլին էին դիմում միայն արտակարգ դեպքերում, ապա հիմա նույնը ասել չեմ կարող. ամուսնալուծությունը դարձել է յուրաքանչյուր երկրորդ քայլին հանդիպող երևույթ:

Ամուսնալուծությունների պատճառներն, իսկապես, բավականին շատ են: Նախևառաջ մենք պետք է առանձնացնենք տարիքային խմբերին, որոնք դիմում են ամուսնալուծության` վաղ, միջին և հասուն:

Մեր կրթական համակարգում հարկ եմ տեսնում ավելացնել այն ճյուղն ու դասընթացը, որով դեռ երեխաները փոքր տարիքից կգիտակցեն ընտանիք ունենալու և կազմելու կարևորությունը, որովետև հիմա ժամանակները փոխվել են: Դպրոցներում երեխաներին առարկաներ են դասավանդվում, որոնք ողջ կյանքում հնարավոր է պետք չգան նրանց, իսկ ընտանիքի կարևորությունն ու արժեքը դեռ վաղ տարիքից իմանալը, ըստ իս, մեծ ձեռքբերում է:Երիտասարդներն, ովքեր վաղ տարիքում ամուսնանում են, պարզապես գնում են այդ քայլին «տանը չմնալու» վախով, սիրահարվածության խաբկանքով, ըստ այդմ` ամուսնությունից ամիսներ անց հասկանում է, որ սիրելն ու սիրահարվելը բացարձակ տարբեր բաներ են, և սիրահարվածության ֆոնին ընտանիք կազմելը ճիշտ չէ: Մշակույթի տարբերությունը ամուսնությունից հետո է երևում, փոխանակ մինչ այդ նկատելը:

Կան դեպքեր, երբ երիտասարդ տղաներն ամուսնանում են և չեն կարողանում գիտակցել,որ ժամանակն է որոշ չափով ընկերական շրջապատից կտրվելու և մեծ ժամանակը կնոջը հատկացնելու: Այս դեպքում շատ աղջիկներ են ասում ամուսնուն, որ չեն ամուսնացել նրա ծնողների հետ ապրելու համար, փոխարենը` ցանկանում են ամուսնական լավ կյանք ունենալ: Ռոմանտիզմը ևս կորչում է, ընկերության տարիներ ինչ-որ նվերներն ու ուշադրությունը գրավում են աղջկա սիրտը, իսկ ամուսնությունից հետո դրա բացակայությունը` նպաստում ինչ-որ խնդիրների: Շատ աղջիկներ ամուսնանում են մի ուրիշ պատճառով. օրինակ` այս աղջկա ընկերուհին ամուսնացել է, գեղեցիկ զգեստ կրել և շքեղ հարսանիք ունեցել, ընկերուհին ևս ցանկանում է հետ չմնալ և զուտ այդ բացը լրացնելու համար ամուսնանաում այն տղայի հետ, ով այդ շրջանում հանդիպում է իրեն:  Պետք է նշեմ, որ այն աղջիկներն, ովքեր ամուսնանում են ճոխ հարսանիքներով, չի բացառվում, որ կարող են կես տարվա ամուսնական կյանք ունենալ:

Այսօր ինձ դիմում են շատ զույգեր և կարող եմ նշել որ սա մեծագույն խնդիրներից է`վաղ տարիքում ամուսնանում են, հնարավորություն չեն ունենում շատ գումար վաստակելու, առանձին ապրելու և, հետևաբար` միասին ապրելով օգտվում են ծնողների օգնությունից: Սա էլ թուլ է տալիս ծնողներին մտածել, որ եթե իրենք գումարով ապահովում են, ապա պետք է կառավարեն երեխաների կյանքը: Այսօր դեռ Հայաստանում շատերը չեն ընդունում առանձին ամուսնական կյանքով ապրելը, շատ ծնողներ չեն գիտակցում, որ իրենց համար պարծանք է տեսնել, որ իրենց տղան թեկուզ վաղ տարիքում կարող է ինքնուրույն ընտանիք կառավարել: Խնդիրն իհարկե միայն տղաների մեջ չէ: Աղջիկների անփութությունը, ոչ կոկիկությունն ու փնթիությունը կարող են շատ շուտ հիասթափեցնել տղամարդուն: Շատ դեպքերում ինձ դիմող աղջիկներին հարցնում եմ` արդյո՞ք օրվա մեջ մեկ անգամ զանգում է ամուսնուն և հարցնում որպիսությունը, ասեմ, որ շատ աղջիկներ այս ամենը կեղծավորություն են որակում:

Միջին տարիքի խմբին պատկանող զույգերի ամուսնալուծությունները այլ ուղղություններ ունեն: Այս դեպքում զույգերը դիմանում են, ինչ-ինչ բաների վրա աչք փակում` հույս ունենալով, որ մեկ օր այդ ամենը կվերանա: Վերոնշյալ խնդիրները չհաղթահարելով` տարիներ անց ամուսնական զույգերը հասկանում են, որ իրենց կյանքից այդ տարիներն ուղղակիորեն անցել են: Ֆինանսական խնդիրները ևս կարևոր գործոն են հանդիսանում ամուսնալուծության համար: Վաղ ամուսնացած զույգը մտածում է, որ կանցնի ժամանակ և կվերանան ֆինանսական խնդիրները, սակայն տարիներ շարունակ դրանք ճաշակելով, գիտակցելով , որ այս դեպքում ամուսինը երբեք էլ չի աշխատի, բերում են նման հանգուցալուծման:

Ավելի մեծ տարիքում ամուսնալուծության են դիմում մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ դիմացել են ինչ-որ բաների, և հետո գալիս է ժամանակ, երբ այլևս անզոր են: Մեծ տարիքի տղամարդիկ երբեմն չեն գիտակցում իրենց տարիքն ու 20 տարվա ամուսնական կյանքից հետո, որոշում են իրենց կողքին տեսնել երիտասարդ աղջկա, և հենց գեղեցիկ սիրուհին էլ հերթական ամուսնալուծությա պատճառն է: Մենք պետք է սովորենք կյանքում իրար հաջորդող նպատակներ ունենալ: Շատ զույգեր  իրենց կյանքի իմաստը տեսնում են իրենց երեխաների մեջ` մանկապարտեզ, դպրոց, համալսարան, ամուսնություն և … Եվ վերջ, երբ երեխան ամուսնանում ու այս դեպքում առանձնանում, ծնողներն իրար կապող ոչինչ չեն ունենում, հետաքրքրությունը կորչում է, և հասկանում են, որ միասին ապրելու իմաստ չեն տեսնում: Երեխան լավագույն պարգևն է, բայց պետք է ամեն ինչ իր տեղում պահել: Պետք է այս ամենի մեջ ևս մեկ կարևոր խնդիր նշեմ`արտագնա աշխատանքի արդյունքում զույգերը հեռվանում են, ամուսինը դրսում իր համար նոր ընտանիք է կազմում, ինչին հաջորդում է առաջին ընտանիքի հետ լարումը»:

Ընդհանրացնելով այս 3 խմբերը` հոգեբան Իրինա Ծատուրյանը նշեց.

«Ամուսնության ցանկացած փուլում հարկ է գտնել գլխավոր խնդիրը, լուծել այն, դիմել ցանկացած քայլի` միայն թե չգնալ խնդրի` լուծման այդ ճանապարհով: Ամուսիններ դառնալուց առաջ պետք է համոզվեն, որ իրար շատ լավ են ճանաչում և դրանից հետո նոր միայն ընտանիք կազմեն։ Ամուսնությունը մակերեսորեն ծանոթության և շփման արդյունք չպետք է լինի։ Հետո պետք է պահանջները հստակ դնեն՝ վստահ լինելով, որ ամուսնությունից հետո մեկը մյուսի պահանջներն ու դրվածքները կարող է ընդունել և կատարել։ Պետք է հանդուրժող լինել և ընդունել դիմացինի ցանկություններն ու սխալները։ Ե՛վ աղջիկները, և՛տղաներն ամեն ինչում պետք է գտնեն մեղքի իրենց բաժինը և հանուն դիմացինի ընդառաջեն։ Պետք է օժտվեն շնորհակալ լինելու կարողությամբ և հաճախ գնահատեն դիմացինի գեղեցիկ քայը։ Զիջելը սիրած մարդուն երբեք վատ արդյունքի չի բերի»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Հեղինակ` Ա.Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular