Փոխարժեք՝
474.5
$
534.5
7.34

Ադրբեջանցիների 82 տոկոսը 2017 թվականին հավանական է համարում Հայաստանի հետ նոր պատերազմը

Ադրբեջանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը 2017 թվականին հավանական է համարում Հայաստանի հետ նոր պատերազմը: Ընդ որում, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կտրուկ աճել է այն քաղաքացիների թիվը, ովքեր Հայաստանի հետ նոր պատերազմ են կանխատեսում ընթացիկ տարում: Այդ են վկայում ադրբեջանական «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից Ամանորից հետո անցկացված հարցման արդյունքները:«Հնարավոր եք համարում 2017 թվականին Հայաստանի հետ նոր պատերազմի հնարավորությունը» հարցին, Ադրբեջանի քաղաքացիների 82 տոկոսը դրական պատասխան է տվել: Ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարել հարցվածների ընդամենը 11 տոկոսը: Եւս 7 տոկոսը դժվարացել է պատասխանել տրված հարցին:

Այս համատեքստում համեմատության համար արժե ներկայացնել մոտ մեկ տարի առաջ՝ մինչեւ քառօրյա պատերազմի սկսումը, ադրբեջանական հասարակության ներսում առկա տրամադրությունները: Նույն կենտրոնի կողմից 2016 թվականի սկզբին անցկացված համանման հարցման ժամանակ ռազմական գործողությւոնների վերսկսումը հնարավոր էր համարել ադրբեջանցիների կեսից մի փոքր ավելին՝ 56 տոկոսը: Ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսումը այն ժամանակ քիչ հավանական էր համարում քաղաքացիների 23 տոկոսը, այսինքն՝ մոտ կիսով ավելի քիչ, քան հիմա: Նոր պատերազմի հնարավորության վերաբերյալ հարցին դժվարացել էր պատասխանել ադրբեջանցիների 21 տոկոսը:Ստացվում է, որ այն ժամանակ հարցին պատասխանել դժվարացողների գրեթե 2/6-ը հիմա արդեն չի դժվարանում եւ հավատում է պատերազմի վերսկսման հնարավորությանը:

Զգալիորեն պակասել է այն քաղաքացիների թիվը, ովքեր հավատում են Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այսպես, «Հնարավոր համարում եք հակամարտության կարգավորումը 2017 թվականին», հարցվածների 92 տոկոսը բացասական պատասխան է տվել: Միայն 8 տոկոսն է կարծում, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կարող են որեւէ արդյունք տալ: Անցյալ տարվա սկզբին անցկացված համանման հարցման ժամանակ հակամարտության կարգավորմանը չէր հավատում քաղաքացիների 86 տոկոսը: Իսկ կարգավորման հեռանկարին հավատում էր 14 տոկոսը:

Եվ վերջապես, հարցման միջոցով փորձ է արվել պարզել, թե ինչ ճանապարհով են ադրբեջանցիները հավանական համարում արցախյան հիմնախնդրի կարգավորումը: «Ինչ ճանապարհով կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» հարցին ադրբեջանցիների 72 տոկոսը ընտրել է «Եթե Ադրբեջանը ռազմական ուժ կիրառի պատասխանը»: Եւս 16 տոկոսը ընտրել է «Եթե Հայաստանն ընդունի կարգավորման փուլային տարբերակը» պատասխանը:Մնացած 12 տոկոսը գտնում է, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր կլինի, եթե Ռուսաստանը ճնշում գործադրի Հայաստանի վրա:

Դժվար չէ կռահել, որ 2017 թվականին Հայաստանի հետ նոր ռազմական գործողությունները հնարավոր համարող քաղաքացիների կտրուկ աճը պայմանավորված է Ադրբեջանում նոր թափ հավաքած ռազմաշունչ հռետորաբանությամբ: Արցախի դեմ սանձազերծված ռազմական արկածախնդրության ձախողումից հետո Ադրբեջանում իշխող նախիջեւանյան կլանը որոշ ժամանկ զերծ էր մնում ռազմաշունչ հռետորաբանությունից: Սակայն վերջին ամիսներին Իլհամ Ալիեւը ոչ միայն վերսկսել է ռազմաշունչ հռետորաբանությունը, այլեւ շփման գծում հաճախակիանում են հրադադարի խախտման դեպքերը եւ ավելանում է կիրառվող սպառազինության տեսականին:

Նյութի աղբյուրն` այստեղ
loading...
Loading...
website by Sargssyan