Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի իրականացվում է ստորագրահավաք
ՄՇԱԿՈՒՅԹԱյս օրերին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցելու նպատակով դիմում են բազմաթիվ մտահոգ մարդիկ Հայաստանից եւ արտերկրից՝ Մաեստրոյի կոլեգաներ, իր սիրելի հանդիսատեսը, ընկերները։ Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից եւ պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու շնորհակալ ու կարեւոր առաքելությունը։ Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել եւ մինչեւ դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Եվ որպեսզի Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրացնելու եւ զորակցություն հայտնելու Սերգեյ Սմբատյանին, ստեղծվել է կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։ Կայքը գործում է ազատ եւ չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Մաեստրոյի կալանավորմանը եւ կիսվելով սոցցանցերի էջերին:
Կայքի «Նորություններ» բաժնում զետեղված են տեղեկություններ քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։
Թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից ավելի այցելու, ի պաշտպանություն Մաեստրոյի ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000-ը։