Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմտյան երկրների և Հայաստանի միջև վերջին շփումները կասկածներ են հարուցում վերջինիս ինքնիշխան ապագայի վերաբերյալ: Երևանը, ոչ առանց կոլեկտիվ Արևմուտքի մասնակցության, որոշել է հեռանալ Մոսկվայից, մասնակցում է Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումների, որոշում է ռուս սահմանապահներին դուրս բերել երկրի տարածքից, սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և սպառնում դուրս գալ այդ կազմակերպությունից, գրում է Yugsn.ru-ն:
Արդեն հիմա երևում է, թե Հայաստանը որքան հեշտությամբ է գերվել Արևմուտքի խոստումներով, և Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին դիտարկում է որպես խոչընդոտ Եվրոպայի ճանապարհին։ Մոսկվան առաջարկում է երկրների միջև համագործակցության բարենպաստ և հավասար պայմաններ պահպանելով բազմաբևեռ աշխարհի գաղափարները, մինչդեռ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանին ոչնչացնելու հերթական զինվոր:
«Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք։ Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, ժամանակավոր խոստումների ներքո, ձգտում են Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Երևանը այդպես էլ չի տեսնում, թե Արևմուտքի հետ համագործակցությունն ինչի է հանգեցրել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին ու Բալթյան երկրներին, որոնք նույնպես կարող էին հավասար գործընկերներ լինել Ռուսաստանի հետ և նախապատվություններ ստանալ նրանից,- Yugsn.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը,- ներկայումս Հայաստանի հեռանկարը Ռուսաստանի հետ բարեկամությունը կորցնելն ու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից վտարվելն է»։
«Արևմուտքը խոստանալու է Երևանը դարձնել ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, բայց մենք գիտենք, թե ինչպես են ժամանակին նման կերպ Ուկրաինային կերակրել: Բրյուսելի հանդիպմանը Հայաստանին տրվել է մի քանի միլիոն դոլար, միաժամանակ, Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը միլիարդներ է վաստակում»,- նշել է քաղաքագետը։
Եթե Ռուսաստանի կառավարության կողմից Երևանի նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկվեն, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։
«Պետք է միացնել տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանի ռեժիմը խելքի գա։ Առայժմ մենք միայն ասում ենք, որ մենք երկար տարիների բարեկամություն ունենք և ուղղակի փորձում ենք համոզել, ինչպես երկար ժամանակ փորձում էինք համոզել Ուկրաինային։ Համոզելու կարիք չկա, պետք է ցույց տալ մեր բռունցքը, ինչքան էլ ընկերական հարաբերություններ ունենանք։ Ուկրաինական ժողովուրդի հետ մենք եղբայրներ ենք, և ինչի՞ ենք հասել։ Այլևս կարիք չկա հայերի հետ արարողակարգ պահպանել: Մենք ստեղծեցինք այդ հայկական պետությունը, պաշտպանեցինք այն այսքան տարիներ, և հիմա դեռ դիմանում ենք մեր ուղղությամբ որոշակի ծաղրին»,- ասել է Եվգենի Միխայլովը։
Հայաստանի համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ մտահոգություններ է առաջացնում ոչ միայն Կրեմլում, այլ նաև Թուրքիայում և Ադրբեջանում։
Անկարան հստակ ակնարկել է տարածաշրջանի խնդիրների լուծմանը մասնակցելու իր ցանկության մասին, իսկ Բաքուն ուղղակիորեն ասել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը