Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄասիսում բնակություն հաստատած Դիանա Ղարիբյանի բազմանդամ ընտանիքը տեղահանվել է Ստեփանակերտից։ Մինչ բոլորը հավաքում էին իրերը, Դիանան ոչինչ չի արել, սպասել է, մինչև զինծառայող տղաները տուն վերադառնան։ Նրանց մասին օրեր շարունակ որևէ լուր չուներ, միայն չճշտված լուրեր էին իր ականջին հասնում, որ ողջ չեն։ Տան մի անկյունում պատի վրա փակցված է ամուսնու հոր՝ Հրանտ Ղարիբյանի լուսանկարը։ Թալիշում բնակվող 67-ամյա տղամարդը, որին ընկերները մտերմաբար «Յակուբովիչ» մականունով էին դիմում, օգնում էր բանակին, ինչով կարող էր։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նա դիրքեր զինվորներին սնունդ էր բարձրացնում, օգնում այնտեղից տարհանել զոհված զինծառայողների դիերը։ Ճանապարհին սակայն, ադրբեջանցիները, նրան սպանել, ապա խոշտանգել են մարմինն ու գլխատել։
«Այս դեպքը խորը հետք էր թողել իմ ընտանիքի հոգեբանության վրա։ Մարդ գազան պետք է լինի, որ կտրի տարեց տղամարդու գլուխը»,- MediaHub-ին պատմում է Դիանան։
Նախքան բռնի տեղահանությունը Դիանայի ընտանիքը շատ փորձություններ է հաղթահարել։ 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ավագ որդին Արթուրն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ Քարինտակում մասնակցել է Շուշիի ազատագրման մարտերին։ Մայրն այսօր էլ ցավով է հիշում, որ տղան գերեվարվել է։
«Այնքան են ծեծել Արթուրին, որ ուշագնաց է եղել, նրանց թվացել է թե տղաս զոհվել է, թողել գնացել են։ Հրաշքի պես մի բան էր, այդ ժամանակ շրջափակման մեջ գտնվող 2 ծառայող տեսել են, որ Արթուրը շարժվում է, մոտեցել են հարցրել՝ «ախպեր, ո՞ղջ ես», տղաս ասել է՝ «բացեք կոպերս, ես տեղանքին ծանոթ եմ, ճամփան ցույց կտամ, կճեղքենք շրջափակումը, կհասնենք Ստեփանակերտ», Այդպես փրկվել են։ Դա նոյեմբերի 9-ին էր»,- հիշում է մեր զրուցակիցը։
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները 42-ամյա կնոջ համար ավելի դաժան են եղել, քանի որ Արթուրից բացի դիրքերում էր նաև մյուս որդին՝ Տիգրանը։ Նրանք բնագծի տարբեր ուղղություններում են եղել։
«Օրեր շարունակ նրանցից ոչ մի լուր չստացա։ Հավատալով բումերանգի օրենքներին՝ ամբողջ կյանքում լավություն էի անում մարդկանց, ասում էի՝ «մի օր Աստված դեմս կբերի»։ Չնայած Վանքի ուղղությամբ՝ Նարեշտարի դիրքերում գտնվող Տիգրանից լուրերն ահասարսուռ էին, ասում էին թե՝ «օդային հարվածներով դիրքերը հավասարեցվել են հողին, ոչ ոք ողջ չէ»։ Հա՛մ լաց էի լինում, հա՛մ մյուս երեխաներիս համար ուտելիք էի պատրաստում՝ հոգուս խորքում սպասելով հրաշքի»։
Սեպտեմբերի 23-ին՝ Արթուրը, 2 օր անց Տիգրանը եկան տուն։ Մայրն ասում է, որ դա համատարած քաոսի մեջ ամենաուրախ օրն էր։
«Այնպես պինդ էի գրկել, չէի ուզում կորցնել նրանց»,- ասում է Դիանա Ղարիբյանը, շարունակում պատմել հաջորդ փորձությունները։
Նրա ամուսինն Արթուրի հետ Հայկազովի պահեստում էր, երբ տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև ուժեղ հրդեհ է բռնկվել։ Դիանան կատարվածի մասին իմացել է ավելի ուշ, երբ ամուսինն ու տղան տուն են եկել պատառոտված շորերով, ուժասպառ ու կոտրված։
«Չեք պատկերացնում, թե ինչ զգացողություններ ունեի։ Ամուսնուս պատմելով մոտավոր հասկացա, որ կատարվածը աղետ է եղել։ Ողջ մնալու հավանականությունը քիչ։ Պայթյունի ալիքը նրանց տարբեր ուղղություններ է տարել, հետո երկար ժամանակ միմյանց գտել են, ամուսինս ուրախությունից լաց է եղել։ Երբ տուն եկան, ասացի՝ «հենց հիմա էլ պատրաստվեք, գնում ենք, մնալը ժամ առ ժամ դառնում էր վտանգավոր»»։
Դիանան առանց տան դուռը կողպելու, հավաքվել ու դուրս են եկել։ Գաղթի ճամփից հիշում է ադրբեջանցիների ծիծաղը և այն վախերը, որ ունեցել է զինվորական տղաների համար։ 5 տղա ու 2 աղջիկ ունեն Ղարիբյանները։ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ սկսվել է սոցիալական ծանր վիճակի դեմ պայքարը։
«Պետության աջակցություններն ամբողջովին չեն տրամադրել, իսկ տանտերը պահանջում է բնակարանի վարձը։ Տան միակ աշխատողն ամուսինս է, տղաներս առայժմ չունեն աշխատանք, քանի որ սպասում են քաղաքացիության հարցերը լուծեն։ Իսկ ես, որ կար ու ձևի մասնագետ եմ, կարի մեքենաս թողել եմ Արցախում, եթե կարի մեքենա ունենայի, կաշխատեի, կզբաղվեի ու ինչ-որ տեղ կթեթևացնեի ընտանիքիս հոգսը»,- նշեց կինը։
Հունան Թադևոսյան