ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը կհանգեցնի երկրից խոստումնալից երիտասարդների արտահոսքի և բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգության ու տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած՝ «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցը։
«Զեկույցի հեղինակները խոստանում են ներդնել ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը, որը կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության մեծ արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա։ Դա ակնառու է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, ԵՄ-ին արդեն միացած մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի օրինակներով։ Այդ երկրների բնակչությունը զանգվածաբար արտագաղթում է ավելի բարեկեցիկ երկրներ՝ ներգրավվելով ցածր վարձատրվող աշխատանքի»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից։