Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է. Անդրեասյանը՝ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի մի շարք անդամներ:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ օրվա հաջողության՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Ժաննա Անդրեասյանը երկու երկրների բարեկամական սերտ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով կարևորել է կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների զարգացումը և ընդլայնումը:
«Վրաստանի գործադիր մարմնի գործընկերների հետ երկկողմ համագործակցության օրակարգը քննարկելու հնարավորությունից հետո ուրախ ենք նաև օրենսդիր մարմնի շրջանակում այդ երկխոսությունը շարունակելու: Կարծում եմ՝ փոխադարձ այցելություններն ու քննարկումները ցույց են տալիս հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների միջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համագործակցության ներուժի ամբողջական իրացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել այս օրերին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, որի շրջանակում մարտի 27-ին Երևանի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոնը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ այն կնպաստի գործընկերության խորացմանը: «Պատրաստ ենք քննարկել վրացագիտության կենտրոնի հիման վրա մեր հետագա ծրագրերն ու անելիքները: Սա նոր մեկնարկի հիանալի կետ է, որտեղից կարող ենք այդ ուղղությամբ ավելի ընդլայնել մեր համատեղ աշխատանքները: Թբիլիսիի պետական համալսարանում գործում է հայագիտության կենտրոնը, որը շատ լավ ավանդույթներ ունի: Կարծում ենք՝ այս ուղղությամբ մեր աշխատանքը կարող է շատ հեռանկարային լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկու բարեկամ ժողովուրդների միջև անմիջական շփումները: Այս համատեքստում Գիվի Միքանաձեն ընդգծել է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում, ՀՀ հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդման փորձն ու դրա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը:
Վրացական կողմն ընդգծել է, որ հետաքրքրված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հաջողված փորձով: Հարևան երկիրը ցանկություն ունի առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո ծրագիրը տեղայնացնել Վրաստանի դպրոցներում:
Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը, որը, անկասկած, կնպաստի երկու երկրերի երիտասարդների շփման և երկխոսության զարգացմանը, բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: